Ալավերդու պղնձաձուլական գործարանում ստուգումներ են իրականացվում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ստուգումներ է իրականացնում Ալավերդու պղնձաձուլական գործարանում։ Տեսչությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ստուգումների արդյունքներն արդեն ամփոփվում են և առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պարզ կդառնա՝ գործարանը շահագործող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը բնապահպանական խախտումներ թույլ տվել է, թե՞ ոչ։ Վերջին երեք ամիսներին Ալավերդու բնակչությունը պարբերաբար ահազանգում է, որ գործարանի ծխատարից արտանետումներն զգալիորեն ավելացել են և խեղդող բնույթ ունեն։

Դեռ հունիսին ձևավորված «SOS-Ալավերդի» նախաձեռնող խումբը պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում՝ պահանջելով նվազեցնել արտանետումներն ու բնակչությանն ավելի հստակ տեղեկություններ հաղորդել արտադրական ծխի քանակի և մարդկանց առողջության վրա ունեցած ազդեցության մասին։

«Ալավերդիում ոչ ոք չի պահանջում փակել գործարանը, բայց մենք իրավունք ունենք հասկանալու՝ ինչ վտանգներ է ներկայացնում այս արտանետումը», - «Ազատությանն» ասաց նախաձեռնող խմբի անդամ Օլեգ Դուլգարյանը։ - «Երևի արդեն մեկ տարուց ավել կլինի, երբ որ մարդիկ սկսել են խոսել արտանետումների այս խելագար վիճակի մասին, երբ որ ամբողջ քաղաքը պատվում էր ծխով: Նախկինում այդպիսի դեպքերը ավելի քիչ էին լինում: Բնականաբար, տրամաբանորեն սկսում ես մտածել, որ արտանետումները ավելի շատ են»:

Ալավերդցիների ահազանգերի հիման վրա հունիսի 15-ից 17-ը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը չափումներ էր իրականացրել և պարզել, որ գործարանում վթար տեղի չի ունեցել, մինչդեռ ծծմբի երկօքսիդի պարունակությունը մթնոլորտային օդում 10-12,5 անգամ ավելի է եղել թույլատրելի նորմայից: Օլեգ Դուլգարյանն ասում է․ - «Ընկերությունը խոստացավ, որ կնվազեցնի արտանետումների քանակը, մի քանի օր քաղաքը ավելի քիչ էր ծխահարվում, հետո նորից նույնը սկսեց շարունակվել»:

Օրերս Ալավերդի էին ալցելել նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարն ու Լոռու մարզպետը։ Նրանք լսեցին թե՛ բնակիչներին և թե՛ գործարանի ղեկավարներին։

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանն ասաց, թե այսօր երկու տարբերակ ունեն՝ կա՛մ կգնան մոտ 500 աշխատող ունեցող գործարանը փակելու, կա՛մ վերակառուցելու և ավելի հզորացնելու տարբերակով։ - «Այնպես որ, հիմա աշխատում ենք, որպեսզի կյանքի կոչվի երկրորդ տարբերակը և ոչ մի դեպքում առաջին տարբերակը չլինի», - հավելեց Մեջլումյանը:

Տարեկան 12 հազար տոննա սև պղինձ արտադրող գործարանի ղեկավարությունը տարիներ շարունակ հայտարարել է, որ իրենք վնասով են աշխատում, իսկ արտանետումներից թունավոր ծծումբը կորզելը և ծծմբաթթվի արտադրություն կազմակերպելն իրենց համար շահավետ չէ։ Վերջին երկու տարիներին ակտիվացան գործարանից հնչող հայտարարությունները չինացի ներդրողների հաշվին ժամանակակից գործարան կառուցելու մասին, սակայն դեռևս պայմանավորվածությունները վերջնական չեն։ Գործարանի արտադրական վարչության պետ Նիկոլայ Ֆեոֆանովը մարզպետի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ արտադրական ծխի չեզոքացման տարբերակների շուրջ վերջնական եզրակացություն չունեն։

«Սկզբից մեզ ասի, որ ծծմբաթթվի պրոբլեմ չկա Հայաստանում, ինչքան արտադրենք՝ ուրիշ հիմնարկներ կզարգացնենք ու սաղ կսպառվի: Հետո գնացինք՝ չինացոնց հետ խոսացինք, վերջը պարզվեց, որ 360-370 հազար ծծմբաթթուն Հայաստանում սպառել անհնարա, ճանապարհ չկա», - պարզաբանեց Նիկոլայ Ֆեոֆանովը:

Նշենք, որ «SOS-Ալավերդի» նախաձեռնող խումբը դիմումներ է ուղարկել կառավարության տարբեր օղակներին։ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարից ստացած պատասխան գրության մեջ նշված է, որ այս տարի նախատեսում են ուսումնասիրել Ալավերդիում մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերական ձեռնարկությունների վնասակար և վտանգավոր գործոնները, ինչը մինչև այսօր երբևէ պետական մակարդակով չի արվել։ Մի քանի առանձին հետազոտություններ Ալավերդիում տարբերի տարիների իրականացրել են միջազգային կազմակերպությունները՝ բոլորն էլ փաստելով, որ շրջակա միջավայրում ծանր մետաղների պարունակությունը գերազանցում է սահմանված նորման: