Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղեկանք կներկայացնի Սկրիպալների թունավորման գործով

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քարեն Փիրս, արխիվ

Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այսօր տեղեկատվություն կներկայացնի ռուսների կողմից հայր և դուստր Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին Սոլսբերի ավանում թունավորելու գործով ի հայտ եկած նոր փաստերի և կասկածյալների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին:

Զեկույցը կներկայացնի ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քարեն Փիրսը:

Լոնդոնը երեկ հայտարարել է, որ մարտի 4-ի քիմիական գրոհը Սոլսբերիում իրականացրել են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) գործակալներ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը: Նրանք, ըստ Բրիտանիայի անվտանգության մարմինների, կարճատև այց են կատարել Մեծ Բրիտանիա, «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով մշակել են Ռուսաստանի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի տան դռան բռնակը և շտապ վերադարձել են Մոսկվա:

Բրիտանացիները չեն բացառում, որ գործակալներն իրականում ունեն ուրիշ անուն-ազգանուններ:

«Բրիտանիայի տարածքում քիմիական զենքի օգտագործումը նրանք են կատարել, և առավել քան հավանական է, որ գրոհի հրամանը արձակվել է շատ ավելի բարձ ատյանից՝ ГРУ-ի համակարգից դուրս», - երեկ ասել է վարչապետ Թերեզա Մեյը:

Մոսկվան կտրականապես հերքում է Սկրիպալներին թունավորելու մեղադրանքը և երեկ Լոնդոնի հրապարակած նոր տեղեկությունները որակել է որպես «բան չասող, հիմնազուրկ պնդում»: