ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ օրը կքննարկի Իդլիբում ստեղծված կացությունը

Սիրիա - Երեխաներ Իդլիբում տեղակայված փախստականների ճամբարում, օգոստոս, 2018թ․

Սիրիայի կառավարական ուժերի` Իդլիբում սպասվող հարձակումից առաջ Արևմուտքը հուսահատ փորձեր է ձեռնարկում իրադարձությունների զարգացման ամենաողբերգական սցենարը կանխելու համար: Արդեն այս շաբաթ Իդլիբում ստեղծված կացությունը կքննարկեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները: Երեքշաբթի երեկոյան այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին:

«Անվտանգության խորհրդում այսօր առավոտյան արդեն իսկ այս թեմային նվիրված որոշակի քննարկումներ եղել են: Խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը ցանկանում է Իդլիբում ստեղծված իրադրությանը նվիրված առանձին նիստ անցկացնել: Մենք այդ հանդիպումը նախատեսում ենք կազմակերպել ուրբաթ օրը», - նշում էր Հեյլին:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչի խոսքից նաև պարզ է դառնում, որ Վաշինգտոնը հստակեցրել է այն կարմիր գծերը, որոնք հատելու դեպքում ամերիկյան իշխանությունները Բաշար Ասադի և նրա դաշնակիցների հանդեպ ավելի կոշտ մոտեցում կորդեգրեն:

«Ստեղծված իրադրությունը իրոք ողբերգական է: Եթե [իշխանությունները] ցանկանում են վերահսկողություն սահմանել Սիրիայի ողջ տարածքի հանդեպ, կարող են դա անել: Բայց դա չի կարելի իրագործել քիմիական զենքի կիրառմամբ: Դա չի կարելի իրագործել սեփական քաղաքացիներին կոտորելով: Մենք դա չենք կարող հանդուրժել», - հայտարարում էր ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանը:

Անվտանգության խորհրդում քննարկմանը զուգահեռ, Իդլիբում ստեղծված կացությանը ուրբաթ օրը Թեհրանում կանդրադառնան նաև Սիրիայում առավել ակտիվորեն ներգրավված երեք տարածաշրջանային պետությունների` Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները: Այս հանդիպումից առաջ Ռուսաստանն ու Իրանը արդեն իսկ միանշանակ աջակցություն են հայտնել Իդլիբի ուղղությամբ հարձակում ձեռնարկելու` Բաշար Ասադի կառավարության մտադրությանը:

Թուրքիան, հակառակը, փորձում է կանխել Իդլիբի ուղղությամբ հնարավոր լայնածավալ հարձակումը` միաժամանակ ուժեղացնելով իր ռազմական ներկայությունը Սիրիայի հետ սահմանային գոտում: Ղրղըզստանից վերադառնալու ճանապարհին երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողներին ասել է․ - «Իդլիբի դեմ հարձակումը կարող է կոտորածի վերածվել: Այդ իսկ պատճառով հարկավոր է, որպեսզի Թեհրանում կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում դրական արդյունքներ արձանագրվեն»:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները ևս կարծում են, որ տարածաշրջանային պետություններից առնվազն երկուսը` Ռուսաստանը և Թուրքիան, պետք է շուտափույթ քայլեր ձեռնարկեն Իդլիբում արյունահեղությունից խուսափելու համար:

«Մեր ցանկությունը, հույսը, հորդորը Իդլիբի համար մղվող ճակատամարտից խուսափելն է: Մենք խնդրում ենք հավելյալ ժամանակ տրամադրել բանակցությունների` մասնավորաբար Թուրքիայի և Ռուսաստանի միջև քննարկումներ կազմակերպելու համար, քանի որ այս երկու պետությունները Սիրիայում ստեղծված կացության հիմնական անուղղակի շահառուներից են: Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները մինչև այս առավոտ շարունակում էին բանակցել խնդրի շուրջ, և ես կարծում եմ, որ հենց այս երկու պետությունների ձեռքում է Իդլիբի խնդրի անցնցում լուծման բանալին», - Ժնևում հայտարարում էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան:

Իտալացի դիվանագետի խոսքով, սակայն, բանակցությունները պետք է ավարտին հասցվեն հնարավորինս սեղմ ժամկետներում, քանի որ Բաշար Ասադի կառավարությունը Իդլիբում ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծմանը երկար սպասել չի պատրաստվում:

«Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ [Սիրիայի] կառավարությունը որպես վերջնաժամկետ է սահմանել սեպտեմբերի 10-ը: Դա է մեր շտապողականության պատճառը, դրա համար ենք մենք դիմում նախագահներ Էրդողանին և Պուտինին` կոչ անելով խնդրի խաղաղ լուծման տարբերակ գտնել», - հայտարարում էր դե Միստուրան:

Արևմուտքից հնչող այս կոչերի ֆոնին Ռուսաստանի ներկայացուցիչները նշում են, որ Իդլիբում ստեղծված իրադրության հետ կապված որոշակի հստակություն կարող է ի հայտ գալ միայն երեք նախագահների` Թեհրանում կայանալիք հանդիպումից հետո: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: