Facebook-ի և Twitter-ի ղեկավարները այսօր կպատասխանեն ԱՄՆ կոնգրեսականների հարցերին

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Կոնգրեսում, ապրիլ, 2018թ․

Facebook-ի և Twitter-ի ղեկավարները այսօր ԱՄՆ Կոնգրեսում կպատասխանեն կոնգրեսականների հարցերին այն մասին, թե ինչ ջանքեր են գործադրում ռուսաստանյան գործակալների դեմ պայքարի հարցում, որոնք փորձում են ազդել Կոնգրեսի առաջիկա ընտրությունների վրա:

Ամերիկյան օրենսդիր մարմինը վերջին մեկ տարվա ընթացքում խստորեն քննադատել է այդ երկու սոցիալական ցանցերին, որոնք, ինչպես պարզվել է, օգտագործվել են ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության ժամանակ:

Անցած ամիսներին ԱՄՆ արդարադատության նախարարությունը 13 ռուսաստանցիների և 3 ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ մեղադրանք է առաջադրել 2016 թվականի ընտրություններին միջամտության գործով: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գլխավորած կառույցը այդ ընկերություններին և անձանց մեղադրում է, մասնավորապես, Facebook-ում և Twitter-ում կեղծ էջեր բացելու և դրանց միջոցով քարոզչություն տարածելու մեջ:

Կոնգրեսում նախատեսված լսումներից առաջ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ իր ընկերությունը ներգրավված է «սպառազինության մրցավազքում», որը նախաձեռնել են ցանցահենները՝ ժողովրդավարությանը վնաս հասցնելու նպատակով: «Facebook-ի պես ընկերությունները ունեն լուրջ, լավ ֆինանսավորվող հակառակորդներ, որոնք ժամանակի ընթացքում ավելի են զարգանում: Այդ սպառազինության մրցավազքում անհրաժեշտ է միավորել ԱՄՆ մասնավոր և պետական հատվածի ուժերը՝ ամերիկյան ժողովրդավարությունը արտաքին միջամտությունից պաշտպանելու համար», - հայտարարել է Ցուկերբերգը: