Շուրջ մեկ շաբաթ է՝ հոլանդական լրատվամիջոցների ու ներքաղաքական քննարկումների գլխավոր թեման երկու հայ անչափահասների՝ 13-ամյա Հովիկի և 12-ամյա Լիլիի պատմությունն է, որոնց տեղի իշխանությունները որոշել են արտաքսել Հայաստան:
Երեխաները մոր՝ Արմինե Համբարձումյանի հետ Նիդերլանդներ են տեղափոխվել տասը տարի առաջ՝ Ռուսաստանից: Նրանց ոդիսականը սկսվել է անցած տարի, երբ միգրացիոն ծառայությունը մերժել է Նիդերլանդներում օրինական բնակության իրավունք տալու դիմումն ու որոշել երեքին էլ արտաքսել Հայաստան:
Լիլին ու Հովիկը, որոնք, ըստ հարազատների, Հայաստանում երբևէ չեն ապրել ու հայերեն չգիտեն, փախել են տնից ու ապաստան հայցել հոլանդական իրավապաշտպան կազմակերպություններից մեկում։ Մայրն, ի վերջո, միայնակ է վերադարձել Երևան:
Շուրջ մեկ տարի շարունակված թեժ քննարկումներից ու դատական նիստերից հետո՝ անցած օգոստոսին, Հոլանդիայի միգրացիոն հարցերով զբաղվող պետական խորհուրդը որոշել է՝ անչափահասները ևս Նիդերլանդներում մնալու որևէ հիմք չունեն և պետք է արտաքսվեն՝ մորը միանալու համար:
Դասընկերներն ու իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, չեն հանձնվում՝ մի քանի օր է՝ Ամստերդամի փողոցներում Լիլիի ու Հովիկի նկարներով ցույցեր են, լրատվամիջոցներում՝ նրանց հարցազրույցներն ու կառավարությանն ուղղված ձեռագիր նամակները։
«Մենք վախեցած ենք, քանի որ չգիտենք՝ ինչ է մեզ սպասվում», - անցած շաբաթ գրել էին նրանք Նիդերլանդների վարչապետին, արդարադատության նախարարին ու թագավորական ընտանիքին:
Հարցազրույցներում էլ պնդում են՝ մահու չափ վախեցած են և ուզում են մնալ այն երկրում, ուր մեծացել են ու որն իրենցն են համարում:
Արտաքսման որոշումն անընդունելի ու խիստ վրդովեցուցիչ են որակել նաև ավելի քան մեկ տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ: Վարչապետ Մարկ Ռյուտեն, սակայն, պնդել է՝ կառավարությունը չի կարող իր սկզբունքներից շեղվել։
«Ես հասկանում եմ այս պատմության շուրջ բորբոքվող թեժ կրքերն ու զգացմունքները, բայց մենք պետք է վերահսկողության տակ պահենք փախստականների քանակը: Մեր ներգաղթի քաղաքականությունն արդար է, և եթե որևէ մեկը չի համապատասխանում չափանիշներին, չի կարող մնալ այստեղ», - ասել է վարչապետը։
Որոշումը հիմնավորելու համար Նիդերլանդների կառավարությունը փաստել է՝ Հայաստանը ապահով երկիր է, և այնտեղ անչափահասներին կյանքին ոչինչ չի սպառնում:
Պատմությունն այնքան մեծ հնչեղություն է ստացել, որ այս օրերին հոլանդացի լրագրողների մի խումբ է Երևան եկել՝ պարզելու՝ եթե Լիլին ու Հովիկն ի վերջո արտաքսվեն, ի՞նչ է նրանց սպասվում Հայաստանում, և ի՞նչ պայմաններում են նրանք ապրելու:
Որքան էլ համոզիչ լինեն Հայաստանից ստացվող տեղեկությունները, փաստ է, որ գիտակցական կյանքը Նիդերլանդներում անցկացրած անչափահասների համար լավագույն լուծումը տեղում մնալն է, հայտարարում են իրավապաշտպանները:
«Պաշտպանություն հանուն երեխաների» կազմակերպությունը կոչ է արել՝ առաջիկա հինգշաբթի զանգվածային բողոքի ցույց անցկացնել և 25 հազար ստորագրություն հավաքել՝ արտաքսման որոշումը բողոքարկելու համար: Եթե այս ջանքերը հաջողությամբ չավարտվեն, Հովիկն ու Լիլին պետք է լքեն երկիրն այս շաբաթավերջին՝ սեպտեմբերի 8-ին: