ՀՔԾ-ն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին

Արխիվ

Հատուկ քննչական ծառայությունն այսօր որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, «Ազատությանը» փոխանցեց ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Դա ենթադրում է, որ Քոչարյանը չի կարող մեկնել Հայաստանից։ Այլ մանրամասներ նախաքննական մարմինը դեռևս չի հաղորդում․ Օհանջանյանն ասաց միայն, որ Քոչարյանի անձնագիրը օրինական հիմքերով գտնվում է իրենց մոտ։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն «Ազատությանն» ասաց, որ ՀՔԾ-ի որոշմանը դեռ ծանոթ չեն, և փաստաբանական խումբը դրան կանդրադառնա վաղը:

Այսօր ավելի վաղ, մինչ ՀՔԾ-ի պարզաբանումը, «Ազատության» հետ զրույցում Օրբելյանն ասել էր՝ Քոչարյանի փաստաբանները հարցում են ուղարկել սահմանապահ ծառայություն, պարզելու՝ արդյո՞ք երկրորդ նախագահի անունն այն անձանց ցանկում է, որոնք չեն կարող լքել երկիրը: Փաստաբանն ասաց՝ անցյալի փորձն են նկատի ունեցել, երբ անգամ որևէ քրգործով վկա ճանաչված անձանց թույլ չէին տալիս մեկնել երկրից։

Ըստ փաստաբանի, միայն իրենց հարցման պաշտոնական պատասխանը ստանալուց հետո կքննարկեն Քոչարյանի՝ սահմանը հատելու հարցը։ «Եթե նման [արգելման] գրառում լինի, մենք խնդրել ենք տալ դրա իրավական հիմքերը, որպեսզի դա բողոքարկենք»,- ասաց Օրբելյանը:

Նրա խոսքով՝ իրենց խնդիրը ոչ այնքան անձնագիրը վերցնելն է, որքան պարզելը՝ արդյո՞ք Քոչարյանին թույլ կտան հատել Հայաստանի սահմանը։ Օրբելյանը պնդում է՝ քանի որ վերաքննիչ դատարանը որոշել է կալանքից ազատ արձակել երկրորդ նախագահին, հետևաբար նա անարգել տեղաշարժվելու իրավունք ունի․ «Եթե անձի՝ սահմանը հատելու հարցով չկա որևէ իրավական հիմք, ուրեմն նման սահմանափակումները ոչ իրավաչափ են»:

Երկրորդ նախագահի պաշտպանը նաև տեղեկացրեց՝ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է մեկնել Գերմանիա՝ տարեկան բժշկական հետազոտություն անցնելու։ Հարցին, ինչու՞ այդ հետազոտությունը Հայաստանում չի անցնում, փաստաբանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, կարծում եմ՝ ամեն մարդ ունի իր բուժող բժիշկը, հետազոտությունը կարող է լինել Հայաստանում, կարող է արտերկրում լինել»:

Օրբելյանը հերքեց պնդումները, թե Քոչարյանն այդ կերպ մտադիր է թաքնվել նախաքննական մարմնից։ «Երբ ինքն առաջին անգամ վերադարձել էր Հայաստան, կարող եք վստահ լինել, որ ինքն այստեղ պատկերացնում էր, որ խոսքը հենց որպես մեղադրյալ ներգավվելու մասին է: Չեմ կարծում, որ այստեղ խուսափելու միտում կա»,- ասաց Օրբելյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ եթե Քոչարյանն առողջական խնդիրներ ունի, ապա մյուս քաղաքացիների նման կարող է օգտվել հայաստանյան բուժհաստատություններից։ «Իմ համոզմամբ՝ Հայաստանի բժշկական կենտրոններն ունեն բավարար կարողություններ՝ որպեսզի նա հետազոտություն անցնի: Մյուս կողմից էլ հարց՝ վերջին հաշվով չկա որևէ երաշխիք, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա»,- ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանը քաղաքականություն վերադարձող Ռոբերտ Քոչարյանին հարց է ուղղում․ «Պարոն Քոչարյան, ի՞նչ բժշկական ծառայություն կամ առողջապահական բնագավառ եք թողել ժառանգություն, որ նույնիսկ չեք վստահում ազգային բուժհաստատություններին»:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և նախկին նախագահին կալանքից ազատ արձակեց: