«Քոչարյանի հետ համագործակցության հարց ԲՀԿ-ի առօրյայում չկա», - այսօր հայտարարեց «Մոսկվա» կինոթատրոն՝ Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուների հետ հանդիպման եկած Գագիկ Ծառուկյանը:
Իսկ հարցին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում բացառո՞ւմ է նման համագործակցությունը, Ծառուկյանը այդպես էլ ուղիղ պատասխան չտվեց: Ասաց, թե երբ լինեն արտահերթ ընտրությունները, այն ժամանակ էլ կորոշեն:
2008-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին: Թե ինչ քաղաքական թիմով, չէր հստակեցրել, բայցև չէր բացառել, որ պայքարում իրեն աջակցեն, մասնավորապես, Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն:
ԲՀԿ առաջնորդն անպատասխան թողեց հարցը, թե արդյոք ուզում է, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին գա իշխանության:
Ծառուկյանը հավաստիացրեց, թե Քոչարյանից համագործակցության առաջարկ չի ստացել․ - «Առօրյայում այդպիսի հարց չկա, չենք քննարկել: Քոչարյանի հետ չենք հանդիպել, չենք զրուցել»:
«Ազատության» ճշտող հարցին, թե արդյոք բացառում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, Ծառուկյանն արձագանքեց․ - «Ես Ձեզ ուզում եմ ասել, որ Դուք հարցը տալիս եք, պետք է մտածված տաք: Որ էսօր Դուք գիտեք ես համագործակցում եմ ում հետ, մենք էսօր կառավարության մաս ենք կազմում, որ այդպիսի հարցեր դա բարոյապես չի ինձ տալը: Հա՞ ա, թե ոչ: Եթե մենք համագործակցության չլինեինք, Դուք կարայիք այդ հարցը ինձ տայիք: Բայց քանի որ ես անընդհատ մտածել եմ, որ Դուք կպատկերացնեք, որ այդպիսի հարց Դուք ինձ չեք տա․․․ Էսօր համագործակցում եմ, չէ՞․․․ Մեր թիմային հարաբերությունները իրար հետ շատ լավ են: Եթե թիմերում լինում են որոշակի խոչընդոտներ, մենք դա հարթում ենք: Մենք ուզում ենք մեր ժողովրդի սպասելիքը, այն, ինչի համար պայքարել ա, որ դա իրականություն դարձնենք»:
Եթե երկընտրանքի առաջ կանգնի՝ համագործակցել Փաշինյանի կամ Քոչարյանի հետ, ո՞ւմ կընտրի, Ծառուկյանը պատասխանեց․ - «Ես կընտրեմ ինձ»:
Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը Ծառուկյանը նախընտրեց չմեկնաբանել, ասաց՝ հարցն իրավական դաշտում է, երբ որ հստակություն լինի՝ ինչ մեղք կա, կանդրադառնա:
Բացառեց 2008-ի մարտի 1-ին իր մասնակցությունը: Լրագրողի հարցին, թե այն ժամանակ հրապարակումներ եղան, թե իր անվտանգության ծառայության աշխատակիցները նույնպես ելել էին ժողովրդի դեմ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ - «Ժողովրդի մատը փուշ մտնելու թույլ չեմ տա: Ասողները, ով որ տարածել ա, անբարոյական ընտանիքի մարդիկ են: Դա շանտաժ ա Ծառուկյանի վերաբերյալ․․․ Եթե Ծառուկյանը կապ ունենա մարտի 1-ի հետ, թող Ծառուկյանին մասսայական հրապարակում գնդակահարեն»:
ԲՀԿ-ում բացառում են, որ Երևանի ավագանու ընտրություններում իրենց անունը կապվի ընտրակաշառքի բաժանման կամ օրենքով արգելված բարեգործության հետ: Փաշինյանի կառավարությունը կարծում է՝ պետք է խստացնել ընտրակաշառքի համար նախատեսված պատիժը։
ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ երբ առաջարկը հասնի խորհրդարան, ողջ խմբակցությամբ կողմ կքվեարկեն:
Ծառուկյանն իր ելույթում հատուկ անդրադարձավ կաշառք բաժանելու մասին խոսակցություներին, ասաց, որ ինքը նման հանձնարարական չի տվել․ - «Ես որևիցե մեկին այդպիսի բան ասած, հանձնարարած չկամ: Դա ավելորդ խոսակցություններ են: Ով խոսում է ավել-պակաս, նրանք մեր թշնամիներն են: Եթե մեկը կարա ասի, որ Ծառուկյանը ասել ա գումար բաժանեք, որ մեզ շատ ձեն բերեն, ես ասեմ ներողություն: Եթե այդպիսի բան կլինի, ես եմ պատրաստ պատասխանատվության ենթարկվելու»:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ն կմասնակցի 195 հոգանոց ցուցակով՝ «Երևանս բարեկարգ, հարմարավետ, կանաչ» կարգախոսով: