Արմավիրցի խաղողագործները վաղ առավոտից փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհը, երթևեկությունը կաթվածահար է եղել։
Նրանք Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղից պահանջում են խաղողի մթերման գինը բարձրացնել։ Ցուցարարների պայմանագրերը հենց այս գործարանի հետ են։
«Մեզ գարնանից խաբել են, [ասել են] 160 դրամ, եկել ա ընդունմանը օրը, մեզ ասում են 140 դրամ: Նույն կոնյակի գործարանները [նախկինում] մեզնից վերցրել են 160 դրամ: Այսօր կոնյակի գործարանը գին թելադրողն ա․ իջեցրել ա գինը», - «Ազատությանն» ասաց ցուցարարներից մեկը:
Այսօր ավելի վաղ ցուցարարները հանդիպում են ունեցել Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի կառավարիչ Արծրուն Սարգսյանի հետ, ով ասել է, թե անձամբ ոչնչով չի կարող օգնել, և խոստացել է նրանց պահանջը ներկայացնել Երևանի կոնյակի գործարանի տնօրինությանը:
Իսկ Արմարվիրի փոխմարզպետ Գաբրիել Գրիգորյանը ցուցարարների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ կառավարությունում փոխվարչապետի մակարդակով նիստ է հրավիրվել՝ մթերողների մասնակցությամբ, որտեղ քննարկվում է խաղողի մթերման գինը:
«Ամբողջ խնդիրը էսօր էս ա, որպեսզի կարողանանք ինչքան հնարավոր է արագ լուծում տանք, որպեսզի գինը բարձրանա խաղողի, գյուղացին ունենա բավարար խաղողի գին», - ասել է փոխմարզպետը:
«Դեղերը թանկացրեցին, դիզվառելիքը թանկացրեցին, ոչ ոք չխոսեց, չբացահայտեց, որոշեցին մթերումը 160, հիմա միանգամից կոտրեցին 140, հիմա էլ ասում են, որ վաղը նոր գինը կորոշեն», - բողոքում էին խաղողագործները։
Արմավիր - Երևան մայրուղին, չնայած վարորդների, տեղի բնակիչների և ոստիկանների հորդորներին, ցուցարարները շարունակում են փակ պահել: Նրանք հայտարարում են, որ չեն բացի ճանապարհը, մինչև կառավարությունից տեղեկություն չստանան իրենց խնդրի լուծման մասին: