ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շուրջ Հայաստանը ինտենսիվ բանակցություններ է վարում․ Բալայան

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շուրջ Հայաստանը ինտենսիվ բանակցություններ է վարում, հայտնում է արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

«Երբ որ որևիցե հստակություն լինի, թե ինչ սկզբունքների հիման վրա է փոփոխվելու գլխավոր քարտուղարը, ինչ ժամկետներում է փոփոխվելու գլխավոր քարտուղարը, դրա մասին հանրությանը կհայտնենք», - մանրամասնեց ԱԳՆ խոսնակը:

Հուլիսի 27-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, նախկինում Հայաստանի պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովին մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելուց հետո, անմիջապես հաջորդ օրը Հայաստանն առաջարկեց սկսել գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց։ Սրանից ավելի քան մեկ ամսի անց, դեռևս հայտնի չէ ինչ հանգուցալուծում կստանա գլխավոր քարտուղարի շուրջ ծագած սկանդալը, որին շաբաթներ առաջ անդրադարձել էին նաև ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իսկ օրեր առաջ էլ դրա մասին խոսել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյան

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի դիվանագիտությունը պիտի անի առավելագույնը նոր գլխավոր քարտուղար նշանակելու և կազմակերպության ռոտացիոն սկզբունքով ստանձնած ղեկավարությունը մինչև 2020 թվականը պահպանելու համար։

«Սա կանոնադրական իրավունք է, որը վերապահված է Հայաստանին որպես այս պահին ՀԱՊԿ֊ում ռոտացիոն սկզբունքով ղեկավարում իրականացնող անդամ երկիր», - ընդգծում է քաղաքագետը:

Այնուամենայնիվ, Սաֆարյանը չի բացառում, որ Հայաստանին կարող են զրկել նոր գլխավոր քարտուղար նշանակելու հնարավորությունից, հատկապես որ, նրա խոսքով, «գործ ունենք երկրների հետ, որոնք հեշտությամբ կարող են խախտել միջազգային իրավունքի սկզբունքները»։

«Ես չեմ բացառում, որ այդ կամայականության դաշտում միգուցե նաև Հայաստանին պատժեն և միգուցե հենց դա է պատճառը, որ հանկարծ Ռուսաստանը հովանոց է փռել Յուրի Խաչատուրովի գործի վրա, նեղացածի կեցվածք է ընդունել և կարծեք թե հենց դա է ակնարկում, որ իբրև թե Հայաստանի քայլերը վնասում են կառույցի հեղինակությանը», - ասում է Սաֆարյանը՝ շարունակելով․ - «Կառույցի հեղինակությունը խաթարվեց այն ժամանակ, երբ կառույցի անդամ պետություններից մեկը՝ Հայաստանը, ռեալ 2016 թվականին կանգնեց պատերազմի շեմին և ՀԱՊԿ-ի պահվածքը չափազանց խայտառակ էր»:

Քաղաքագետը նաև նշում է, որ եթե ավելի քան մեկ ամիս ձգվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շուրջ բանակցություններից հետո Հայաստանը չկարողանա նոր քարտուղար նշանակել, սա բացասական զարգացում կլինի առաջին հերթին ՀԱՊԿ-ի ոչ, թե Հայաստանի համար․ - «Դա մեծ կորուստ կլինի ՀԱՊԿ-ի համար, որովհետև հերթական անգամ ՀԱՊԿ֊ը կապացուցի, որ իր դաշինքի անդամ երկրի օրինական պահանջները բավարարելու ցանկություն չունեն»: