Փաշինյանի ցանկությունը Սահմանադրությունից վեր լինել չի կարող․ Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով

Թեև Ազգային ժողովի Հանրապետական մեծամասնությունը կողմ է քվեարկել նոր կառավարության ծրագրին՝ այն է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, սակայն ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդում է՝ արտահերթ ընտրությունների կարիք չկա: Իսկ սահմանադրական փոփոխությունների գաղափարը, ըստ նրա, իշխանությունը պահելու նպատակ ունի, ինչի համար մեղադրում էին Հանրապետականին:

«Նիկոլ Փաշինյանը եթե կարծում է, որ այժմ պետք է ինքնալուծարվի, Էդուարդ Շարմազանովն էլ կարծում է, որ Ազգային ժողովը չպետք է ինքնալուծարվի, որովհետև այս Սահմանադրությամբ (մեռնեմ օրենքին), Ազգային ժողովը ձևավորվել է օրենքով և Սահմանադրությամբ և չկա որևէ մասնագիտական, միջազգային կառույց, դատարանի որոշում, որ Ազգային ժողովի ընտրությունները եղել են անօրինական», - «Ազատության» հետ զրույցում պնդեց ՀՀԿ խոսնակը: - «Հետևաբար՝ Փաշինյանի ցանկությունը Սահմանադրությունից վեր լինել չի կարող», - հավելեց Շարմազանովը:

Նախկին իշխանության ներկայացուցիչը ընդգծեց, որ գործող խորհրդարանում նոր կառավարության հետ աշխատելիս այնպիսի խնդիրների չեն բախվել և մինչ օրս չի եղել դեպք, որ ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկի կառավարության ներկայացրած օրենքին, թեև երբեմն այլ տեսակետներ կարող է ունենալ այդ նախագծերի վերաբերյալ:

Դաշնակցությունը անհրաժեշտ չի համարում սահմանադրական փոփոխությունները

Կառավարության մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցությունում արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են համարում, բայց սահմանադրական փոփոխությամբ դրան հասնելուն դեմ են:

«Հայաստանում տեղի ունեցած գործընթացները անշրջելի են և դե ֆակտո իրավիճակը դե յուրե ամրագրելու համար, անշուշտ, անհրաժեշտ են խորհրդարանական ընտրություններ, բայց փորձել այդ արտահերթ ընտրությունները անցկացնել նոր սահմանադրական փոփոխությունների և նոր իրավակարգավորումների միջոցով, ես կարծում եմ՝ մենք հերթական լարումը կբերենք քաղաքական դաշտ: Չեմ բացառում, որ նաև կարող են որոշակի անհարկի բարդություններ առաջանալ», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյան: - «Կարծում եմ, որ ճիշտ կլինի ձեռնպահ մնալ այդ մոտեցումներից և փորձել լռելայն այն պայմանավորվածությունները, որ եղել է քաղաքական ուժերի կողմից կառավարության գործունեության ծրագիրը հաստատելու միջոցով, դա փորձել գործադրել»:

«Հանրապետական կուսակցությունը չի կարող չգնալ արտահերթ ընտրությունների»

Խորհրդարանական ուժերի փոխհամաձայնությամբ և առանց սահմանադրական փոփոխությունների ընտրություններ անցկացնելու հարցում որևէ խոչընդոտ չի տեսնում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Այդպես եղել է թե՛ Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին քվեարկելու, թե՛ նրա գլխավորած կառավարության ծրագրի հաստատման դեպքում:

«Հանրապետական կուսակցությունը չի կարող չգնալ արտահերթ ընտրությունների, որովհետև այլևս այդ գնացքը անցել է, այլևս Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն չունի և քաղաքական օրակարգ չի թելադրում», - փաստեց պատգամավորը՝ ընդգծելով․ - «Համաժողովրդական շարժման արդյունքում իշխանություն ձևավորած ուժերն են օրակարգ թելադրում, և այդ օրակարգը պետք է ընդունելի լինի բոլոր քաղաքական ուժերի համար, և վստահ եմ, որ Հանրապետականը չի կարող առարկել»:

Սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ կառավարությունից դեռևս մանրամասներ չեն ներկայացնում: Դեռ հայտնի չէ՝ այլ դրույթներ փոփոխվելու են, թե միայն Խորհրդարանի ինքնալուծարման հարցն է լինելու: Այս դեպքում փոփոխությունների նախագիծն անցկացնելու երկու ճանապարհ կա: Եթե Ազգային ժողովը չհաստատեց, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: