Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը համաձայն չէ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքի հետ, թե նոր կառավարությունը տնտեսական զարգացման ծրագիր չունի։
Մինասյանն ասում է՝ ծրագիր կա, այժմ էլ թիրախային ուղղություններով համակարգման ու ընդլայնման աշխատանքներ են կատարվում։
Ավելին, ըստ նախարարի, Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունը այժմ այնքան էլ կիրառելի չէ՝ ժամանակակից աշխարհը նոր մոտեցումներ է պահանջում։ -
«Այն ժամանակ մենք ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ: Դա պայմանավորված է եղել նաև, ինչու չէ, արդյունավետ կառավարմամբ, բայց մենք ունեցել ենք վերականգնողական ժամանակաշրջան, որը սպառվել է և տնտեսական քաղաքականության ու ամբողջ համակարգի վերափոխման կարևորություն կա», - պարզաբանեց Մինասյանը: - «Ու համեմատել մեր տնտեսությունը այժմ և 2000-ականների սկզբին, բացարձակ տեղին չէ»:
240 միլիոն իրատեսական ներդրում
Վերադառնալով մեր օրեր՝ առայժմ միանիշ թվերը նույնպես տպավորիչ են՝ ասում է նախարարը։ Վերջին 8 տարիների համեմատ 2018-ի առաջին կիսամյակում արձանագրվել է ՀՆԱ-ի աճի ամենաբարձր ցուցանիշը՝ 8.3 տոկոս։
Հունվարից - հուլիս օտարերկրյա ներդրումներն էլ կազմել են 81 միլիոն դոլար։
Լրագրողերի հարցին՝ որքան են եղել ներդրումները հենց Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք, նախարարը պատասխանեց՝ չկա նման առանձին վիճակագրություն, բայց կան խոստումներ։ Վերջին երեք ամիսներին տարբեր մարդիկ են եկել, հետաքրքրվել ներդրումային միջավայրով ու որոշակի գումարների մասին հայտարարություն արել․ - «Եթե վերածենք բոլոր այդ թվեր, որ ասվել է՝ դրանք անցնում են 1 միլիարդ դոլարը, բայց մենք, բնականաբար, փորձում ենք նաև գնահատել, թե, այնուամենայնիվ, իրատեսականը, առնվազն տեսանելի ժամանակահատվածում և մեր ջանքերի համատեղմամբ՝ բիզնես հանրության հետ, ներդրման ցանկություն հայտնողների հետ որքան կկազմի: Մենք եկել ենք եզրակացության, որ առնվազն 240 միլիոնը դրանից, իրատեսական է: Եվ հիմա աշխատում ենք այս կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»:
Առարկայական փոփոխությունները՝ երկու տարում
Հարցին՝ ի վերջո քաղաքացիները ե՞րբ են իրենց մաշկի վրա զգալու երկրում իրավիճակի փոփոխությունը, Մինասյանը իր կանխատեսումն է տալիս․ - «Եթե այս տեմպերը պահպանենք և այս ռեֆորմները անենք, իմ գնահատմամբ, երկու տարին բավարար ժամանակ է, որպեսզի մենք արդեն զգանք առարկայական փոփոխությունները»:
Գնագոյացումը բոլորի համար պետք է հավասար լինի
Քաղաքացիները վերջին շրջանում հաճախ էին դժգոհում բարձր գներից՝ նկատում են լրագրողները։ Մինասյանն էլ բացատրում է՝ հովանավորչություն չկա, բայց տնտեսական մրցակցության համակարգը 3 ամսում բերել իդեալական վիճակի հնարավոր չէ։ Ներկրման բոլոր արգելքներն այսօր վերացված են, սակայն մի քանի օրինակ՝ ու պարզ է դառնում, որ դեռ բազմաթիվ քայլեր պետք է արվեն․ - «Տեսեք՝ մենք բացել ենք բենզինի ու դիզվառելիքի շուկան, մարդը կարող է բենզինը բերել, բայց սպառողին վաճառելուց անպայման պետք է ունենա համապատասխան փաստաթուղթը, որ Е5֊ին համապատասխանում է, թե չէ: Բայց մենք ունենք մի ուրիշ ոլորտում սահմանափակում․ 3-4 կազմակերպությունների ձեռքում ամբողջ մեր բենզին֊դիզվառելիքի ենթակառուցվածքներն են: Այսինքն, երկրորդ գործողությունը պիտի լինի, որ բացվի նաև այս շուկան»:
Ինչ վերաբերում է նախկինում մենաշնորհային շուկաներից մեկին, ապա Մինասյանը տեղեկացրեց՝ այժմ աշխատանքներ են տարվում, որ շաքարավազի վերամշակման երկրորդ գործարանը բացվի։
Իսկ որպեսզի նորից խոշոր ներմուծողը նաև մանրածախի գին թելադրողը չդառնա, գերտեսչությունը մտադիր է օրենսդրական փոփոխությամբ սահմանափակել մեծածախ վաճառք իրականացնողի ներկայությունը մանրածախ շուկայում։ Ոլորտները ընտրելու են ըստ ապրանքների սոցիալական կարևորության․ - «Եթե ունենք մեկ, լավագույն դեպքում երկու սուբյեկտ, որոնք շուկան բաժանել են իրար մեջ, այդ դեպքում մենք իրականացնելու ենք ներմուծող կամ/և կամ արտադրող ու մանրածախ վաճառք իրականցնող մասում հստակ տարանջատում՝ նա իրավունք չի ունենա նաև այստեղ մասնակցի մանրածախ առևտրում»:
«Ազատության» հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ, օրինակ, «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը շաքարավազ է ներմուծում, իրավունք չի ունենա իր ներմուծած շաքարավազը վաճառել իրեն պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում, նախարարը պատասխանեց․ - «Առնվազն՝ նույն սուբյեկտով՝ ոչ, չի կարող: Խաղի կանոնը պետք է լինի հավասար բոլորի համար: Եվ կապ չունի, թե ով է բաժնետերը, կարևոր է հետևյալը՝ սուբյեկտը ինչ ազդեցություն է ունենալու շուկայում, եթե ինքը հա՛մ խոշոր ներմուծողը կամ արտադրողն է, հա՛մ նույն ցանցի միջոցով վաճառողը: Այստեղ պետք է տարանջատում գնա, որպեսզի գնագոյացումը բոլորի համար հավասար լինի»: