Հատուկ քննչական ծառայությունը պնդում է, որ այն ժամանակվա ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները Ազատության հրապարակում գիշերող ցուցարարներին բռնի ուժով հեռացնելու հակաօրինական գործողությունների համար փաստաթղթեր են կեղծել՝ հայտնելով, թե իբր հրապարակում զենքի ու պայթուցիկ նյութերի առկայության մասին ահազանգեր են ստացել: Հարուցվել է քրեական գործ, անուններ առայժմ չեն նշվում։
2008 թվականի նախագահական ընտրություններից հետո լայնամաշտաբ բողոքի ակցիաներին մասնակցած ու մարտի 1-ի լուսաբացին ոստիկանական գրոհից տուժած Գևորգ Գևորգյանն ու Դավիթ Մաթևոսյանն այսօր նշում էին, որ այս բացահայտմանը երկար էին սպասել։ Նրանց խոսքով, ՀՔԾ-ն այսօր հայտարարեց այն, ինչը բոլորին էր հայտնի՝ ցուցարարներից որևէ մեկը զինված չի եղել:
«Եթե իրենք նման գործողություն արել են, և դրանից հետո էդ ամեն ինչը մարսվել է, ոչ ոք դրա համար չի ենթարկվել ոչ մի պատժի, դա մենակ մի բացատրություն ունի, որ այդ ամենը հրամայված էր վերևից», - ասաց Դավիթ Մաթևոսյանը:
Ըստ Հատուկ քննչական ծառայության, փաստահավաք խմբին ներկայացրած կեղծ փաստաթղթերում, բարձրաստիճան ոստիկանները իրենց հակաօրինական գործողությունները քողարկելու և պատասխանատվությունից խուսափելու համար, նշել են, թե ահազանգերը ստուգելու նպատակով, առավոտյան ժամը 7-ին փորձել են զննել տեղանքը, սակայն հանդիպել են ցուցարարների դիմադրությանը ու ստիպված են եղել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառել։ ՀՔԾ-ն, մինչդեռ, պնդում է, ոստիկանության ավելի քան 1300 ծառայողներ, մարտի 1-ի առավոտյան 6։30-ին արդեն սկսել էին խաղաղ ցուցարարների նկատմամբ գրոհը։
Միջադեպին ներկաների խոսքով, իրավապահները հարձակվել են առանց նախազգուշացման, ցուցարարների մեծ մասը, այդ թվում կանայք և երեխաներ, արթնացել են ոստիկանական մահակների հարվածներից։
«Մենք մեր նախաձեռնությամբ բոլոր ծառերի տակ, տարածքներում, որտեղ պատսպարվելու հնարավորություն կար, ուսումնասիրում էինք, որ հանկարծ զենք չլինի, չբերեն գցեն, հետո մեզ դրա համար մեղադրանք ներկայացնեն: Միշտ ուշադիր ենք եղել, բոլոր տարածքը միշտ կանոնավոր ստուգել ենք: Ու էդ ընթացքում անընդհատ ոչ մի ցիվիլ, քաղաքակիրթ մոտեցում ոստիկանության կողմից, և՛ հայհոյանքներ, և՛ բռնություններ, և՛ ծեծ, և՛ ձերբակալություններ», - ասաց Դավիթ Մաթևոսյանը:
«Էդ իշխանությունները էնքան իրականության զգացողությունը կորցրած էին եղել, էնքան վստահ էին, որ իրենք մնալու են իշխանության, որ ամեն ինչ շատ փնթի են արել: Եվ բացահայտելու միակ շանսը էդ փնթիությունն է: Էսօր էդ փնթիության հետևանքով է, որ էդ շինծու բաները բացահայտվում են, և էլի բաներ կբացահայտվեն», - ասաց Գևորգ Գևորգյանը:
Ոստիկանության գրոհի այս գործողություններով տասը տարի առաջ մայրաքաղաքում սկսվեցին առաջին բախումները, որոնք ի վերջ ավարտվեցին տասը քաղաքացիների մահվամբ։
2008թ բողոքի ակցիաները առաջնորդող Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ բարձրաստիճան ոստիկանները գործել են այն ժամանակվա իշխանության ցուցումով։
Զուրաբյանի պնդմամբ՝ ՀՔԾ-ն այս բացահայտմամբ ևս մեկ անգամ հաստատում է այն, ինչն ի սկզբանե անհերքելի է՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բռնությամբ տապալել է սահմանադրական կարգը․ - «Բեմադրեցին մի այսպիսի բան ցույցերը ցրելուց հետո, նաև հրավիրեցին հեռուստաընկերություններին, որոնք թփերի տակ բազմաթիվ զինամթերք և զենք էին գտել, և այդ ամենը ցույց տվեցին որպես ապացույց, որ ցուցարարները իրականում զինված էին և պատրաստվում էին հակասահմանադրական գործողությունների: Հիմա պարզվում է, որ այդ ամենը սուտ է: Ի դեպ այդ նկարահանման ուղղությամբ էլ, ես կարծում եմ, քննությունը պետք է պարզի, թե ինչպես դա եղավ, որ թփերում մեկ էլ հայտվեցին զենք, զինամթերք: Ո՞վ էր դա բերել, ո՞վ էր դա տեղադրել․․․ էդ մարդիկ հանցագործություն են գործել ըստ էության»: