Խոշոր վատնումների համար ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Արթուր Աղաբեկյանին, վերջինս արձագանքել է

Արթուր Աղաբեկյան, արխիվ

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված «մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում» առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման դեպքեր են բացահայտվել «Մարտիկ» հիմնադրամում. մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։

««Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա, 2018 թվականի հուլիս ամսին։ Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար»,- տեղեկացնում է ՔԿ հաղորդագրությունն ու շարունակում․

«Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ։ Մասնավորապես՝ առանձնապես խոշոր չափերի գումարներ են ուղղվել տարբեր անձանց համար ռեստորաններում և հյուրանոցներում հյուրասիրություններ կազմակերպելու, հիմնադրամի հետ առնչություն չունեցող տրանսպորտային միջոցների համար պրեմիում տեսակի բենզին ձեռք բերելու, տարբեր անձանց թանկարժեք նվերներ մատուցելու համար։

Առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2012-2016 թթ. ընթացքում, որոնց հետևանքով՝ վատնման եղանակով հիմնադրամին պատկանող միջոցներից հափշտակվել է, նախնական գնահատականով՝ 54.083.860 մլն ՀՀ դրամ։ Քրեական գործով պարզվել է, որ նշված ժամանակահատվածում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է հանդիսացել Արթուր Աղաբեկյանը, ով ունեցել է հիմնադրամի աշխատակազմի գործունեությունն անմիջականորեն ղեկավարելու իրավասություն և փաստացի միանձնյա տնօրինել հիմնադրամի գույքը։ Բավարար տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիմնադրամի միջոցների մի մասը ծախսվել են այն հանգստյան գոտու ռեստորանում հյուրասիրությունների կազմակերպման համար, որի բաժնետոմսերի 40 տոկոսը պատկանել է Արթուր Աղաբեկյանին։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ օգոստոսի 29-ին Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին»։

Արթուր Աղաբեկյանն արձագանքել է

Արթուր Աղաբեկյանն այսօր իսկ, «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառմամբ, արձագանքել է ՔԿ հաղորդագրությանը: Ընդգծելով, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, Աղաբեկյանը, մասնավորապես, գրել է․

«Մեծ պատրաստակամությամբ այս օրերին համագործակցել եմ վարույթն իրականացնող մարմնի հետ։ Մանրամասն պատասխանել եմ բոլոր հարցադրումներին՝ համարելով, որ երբեք առիթ չեմ ունեցել հանգամանորեն ներկայացնելու «Մարտիկ» հիմնադրամի իրականացրած մի քանի հարյուրի հասնող հայրենանվեր ծրագրերը։ Թե՛ բարեգործական, թե՛ ռազմահայրենասիրական և թե՛ մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եմ անձնական պատասխանատվություն, որոնք իրականացրել եմ պատվախնդրությամբ և գտնում եմ, որ գործել եմ բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի և կանոնադրության շրջանակներում։

Ի գիտություն բոլոր անհանգստացողներին՝ հիմնադրամի հաշվին առկա է 1.241.000 ԱՄՆ դոլար անձեռնմխելի գումար, որը ձևավորվել է 8200 փաստացի մասնակցի ներդրումից (յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Մարտիկ» հիմնադրամին), և 421.000 ԱՄՆ դոլար բանկային տոկոսներից, որը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան ազատամարտում զոհված 4210 ազատամարտիկների անունից նվիրաբերվել է հիմնադրամի հաշվին և համալրվել է անձեռնմխելի գումարը։ Իսկ զոհված ազատամարտիկների անունները զետեղվել են martik.am կայքում՝ ի հիշատակ նրանց։

Բարեկամներիս տեղեկացնեմ, որ չընդունելով մեղադրանքը՝ շարունակելու եմ համագործակցել քննչական մարմինների հետ։ Խոստանում եմ պարբերաբար իմ իրավասության շրջանակում այս մասին տեղեկացնել իմ հեղինակությամբ և «Մարտիկ» հիմնադրամի ապագայով մտահոգվող ընկերներիս և բարեկամներիս»։

Նշենք, որ Արթուր Աղաբեկյանը տևական ժամանակ զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետի պաշտոնը: Ունի ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտի կոչում: