«Նոր Հայաստանում պետք է երեխային պատրաստել թռիչքի»․ Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանի թիվ 3 դպրոցում, 1-ը սեպտեմբերի, 2018 թ․

«Նոր Հայաստանում կարևորը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը, այսինքն՝ ամեն աշակերտ, ամեն ծնող պետք է գնա ոչ թե գնահատականի հետևից, այլ գիտելիքի: Նոր Հայաստանում կարևոր է լինելու ոչ թե այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունների, ընդունակությունների զարգացումը»:

Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, այսօր Գեղարքունիքի մարզի Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ունեցած իր ելույթում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջև պետք է ոչ թե ուղղակի խնդիր դնեն, որ երեխային ինչ-որ տվյալներ փոխանցեն, այլ պետք է երեխային պատրաստեն թռիչքի` բառի բուն իմաստով, որովհետև մենք բոլորս մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի, որովետև եկել են ժամանակներ, որ, այո, մենք պետք է կարողանանք թռչել: Մենք պետք է կարողանանք հասնել շատ բարձր նպատակների և արդյունքների»,- իր ողջույնի խոսքում նաև ասել է վարչապետը:

Նա հաջողություն է մաղթել առաջին դասարանցիներին` «թռիչքի պատրաստվելու առաջին օրվա կապակցությամբ» և ընդհանրապես հայ ժողորդին՝ «թռիչքի պատրաստվելու այս նոր ժամանակաշրջանում»:

«Իսկապես սա նոր Հայաստան, նոր իրավիճակ է, և ես բոլորիդ աչքերի մեջ տեսնում եմ այդ նորության, հավատի, ապագայի նկատմամբ վստահության զգացողությունը: Հավատացեք՝ ձեր աչքերից այդ զգացողությունը ոչ միայն չի պակասելու, այլև ամեն օրվա հետ ավելի ու ավելի հզորանալու է, որովհետև դուք մի ժողովուրդ եք, ով հաղթել է, ով այլևս սրանից հետո երբեք չի պարտվելու և միշտ լինելու է հաղթողի դերում»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: