Դատախազությունը տվյալներ չունի ՌԴ-ում, կամ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին. դատախազի խորհրդական

Միքայել Հարությունյան, Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի Ռուսաստանում կամ որևէ այլ տեղ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հաշվի առնելով, որ մի քանի լրատվամիջոցներ մեզ են դիմել միևնույն հարցով՝ կապված «Ինտերֆաքս» գործակալության այսօրվա՝ անանուն աղբյուրներին կատարված հղումով հրապարակման հետ՝ առ այն, որ հայկական կողմը պաշտոնապես Ռուսաստանի իրավապահ մարմիններին է դիմել 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում կատարված իրարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին հանձնելու հարցով, տեղեկացնում եմ, որ Գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի Ռուսաստանում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին։ Հետևաբար նման պայմաններում կոնկրետ նշված անձին հանձնելու հետ կապված որևէ միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունից չէր կարող ներկայացվել», - գրել է Աբրահամյանը։

Գլխավոր դատախազի խորհրդականը նշել է՝ «անձի նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում դրա մասին, օրենքով, ինչպես նաև համապատասխան միջազգային ակտերով սահմանված ընթացակարգերով տեղեկացվում է բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնք Հայաստանի հետ գտնվում են համապատասխան իրավապայմանագրային հարաբերությունների մեջ»:

Միքայել Հարությունյանը մեղադրվում է այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել նրան։