Գյուղնախարարությունն առաջարկում է պետական աջակցությունը հատկացնել կանխիկ փողով

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեց միրգ-բանջարեղենի մեծածախ գները՝ ասելով, թե իրենք չեն կարող վերահսկել մանրածախ գները:

Նախարարն ասաց, որ իրենք էլ են նկատել, որ գյուղմթերքի գները նախորդ տարիների համեմատ աճել են, սակայն հիմնական պատճառը եղանակն է․ - «Այն, որ այս տարի մենք ունեցանք շատ կտրուկ ջերմաստիճանի բարձրացում, գրանցվել 43 աստիճան Արարատյան դաշտում, դա փաստ է: «Վաշինգտոն փոսթ» թերթը, որին, կարծում եմ, որի մեկը չի կարող մեղադրել նկարչության մեջ, հոդված տպեց, որ Երևանում դիտումների ողջ պատմության ընթացքում գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը:

Նախարար Արթուր Խաչատրյանն այսօր պաշտոնավարման 100 օրն էր ամփոփում։ Ասաց, որ դա խնդիրներին ծանոթանալու շրջան է եղել, թեև նաև հասցրել են նոր ծրագրեր մշակել հողերի խոշորացման, անմշակ հողերի կրճատման, սուբսիդավորման, ապահովագրության ու այլ բնագավառներում։

Նախարարը խոստովանում է, որ այս ամիսների ընթացքում շատ բան անել հնարավոր չէր։ «100 օրում նույնիսկ սերմը չի հասունանում», - ասաց գյուղատնտեսության նախարարը։

«Երբ ես եկա աշխատանքի, առաջին անգամ մտա այս կաբինետը 2018 թվականի մայիսին, ժամը 9 անց կեսի կողմերն էր, երբ սածիլավորումներն արդեն արվել էին, ցանքսերն արդեն արվել էին, պապական թվի ընկուզենիներն էլ արդեն կային: Այսինքն, ես նույնիսկ եթե լինեի ծերունի Խոտաբիչը, որևէ փոփոխություն այդ մի քանի ժամվա ընթացքում չէի կարող անել»:

Խաչատրյանի խոսքով, գյուղմթերքի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, սակայն այլ երկրների վրա էլ է պետք կենտրոնանալ ու շուկան դիվերսիֆիկացնել, որպեսզի գործարարները տարադրամի տատանումներից շատ չտուժեն։ Արտահանման «նկարած» թվերի մասին լրագրողների հարցը նախարարին դուր չեկավ․ ասաց, որ իրենք տվյալներ են ստանում Սննդի անվտանգության տեսչական մարմնից և Պետական եկամուտների կոմիտեից, այնպես որ, եթե նույնիսկ անհամապատասխանություններ կան, հասցեատերն իրենք չեն։

«Հին հռոմեացիներն ասում էին՝ հանգուցյալի մասին կա՛մ միայն լավը, կա՛մ միայն ճշմարտությունը: Իսկ ես, քանի որ բավականին քաջառողջ եմ, եռանդով և լավատեսությամբ լի եմ և որևէ կերպ էդ հանգուցյալ պիտակի տակ չեմ կարող գնալ, ապա բնական է, որ պետք է լինի թե՛ քննադատություն և թե՛ որոշակի նորմերից շեղվող բառերի օգտագործում: Հիմա այդ նկարչության մաին․ նույնիսկ եթե այդ թվերը ինչ-որ մեկի մոտ կասկած են հարուցում, ապա այդ թվերի աղբյուրը ուրիշ տեղից է գալիս: Ես այդ թվերը ստանում եմ իմ համակարգչի վրա՝ այլ հասցեատերերից եկած»:

Արթուր Խաչատրյանն ասաց, որ նախարարության մասին Վերահսկիչ պալատի զեկույցներին ծանոթ են ու անելու են հնարավորը չարաշահումներից խուսափելու համար։ Նա նաև գյուղատնտեսության մեջ ստվերի մասին խոսեց։ Դրան կառավարության նիստի ժամանակ ավելի վաղ անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախարարն ասաց․ - «Մենք իրականացնում ենք որոշակի կոռեկցիա, փորձում ենք հասկանալ պատկերը, որ ունենք թե՛ անասնագլխաքանակի մասով և թե՛ վարելահողերի կամ մշտական տնկարկների մասով: Որպեսզի այդ հարցը չլինի՝ մենք ինչքա՞ն ընդհատակյա կամ գաղտնի այգի ունենք, ինչքա՞ն գաղտնի կով ունենք և վերջ ի վերջո ինչքա՞ն ցորեն ա մեզ մոտ ցանված»:

Գյուղատնտեսության նախարարը հավաստիացրեց, որ գյուղացիներին պետական աջակցություն տրամադրվելու է, այդ թվում կարկտահարությունից տուժած համայնքներին, սակայն աջակցության ձևն է փոխվելու․ - «Մենք առաջարկել ենք կանխիկով աջակցության գումարը հատկացնել»: