«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ընդհանուր քրիստոնեական և ավանդական արժեքային համակարգերից», - այսօր Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այսօր վտանգված են այդ համակարգերը։
«Մենք պետք է համատեղ ուժերով պաշտպանենք դրանք։ Անհրաժեշտության դեպքում հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնություններով», - ասել է Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ նվիրված Կուրսկի և Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին։
«Դրանք ճակատամարտեր էին, որոնք վճռեցին երկրորդ աշխարհամարտի ելքը»,- ասել է Շարմազանովը և նշել, որ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են բազմաթիվ հայորդիներ, այդ թվում՝ իր պապը՝ Պետրոս Ավագյանը, ովքեր մեծ ներդրում են ունեցել հաղթանակի կերտման գործում։
«Այսօր էլ Ռուսաստանը կարևոր դեր է կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում և պետք է նշեմ, որ մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունի Հայաստանում ռուսական ռազմաբազան», - ասել է Հայաստանի ԱԺ փոխնախագահը:
Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրենը նույնպես կարևորել է ռուս-հայկական բարեկամության անխախտելիությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող այլ հարցեր։