Քոչարյանի պաշտպաններն այսօր բողոք ներկայացրեցին Վճռաբեկ դատարան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր բողոք ներկայացրեցին Վճռաբեկ դատարան։ «Ազատության» հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ բողոքն արդեն ստորագրել են Քոչարյանի բոլոր պաշտպանները։

Փաստաբանները վիճարկում են հանգամանքը, որ վերաքննիչ դատարանը երկրորդ նախագահին կալանքից ազատ արձակելու որոշման հիմքում դրել է միայն անձեռնմխելության իրավունքը։ Մինչդեռ իրենք բողոքարկման ևս երկու հիմք էին ներկայացրել, որոնց վերաքննիչը չի անդրադարձել։

«Խոսքը պատճառաբանված դատական որոշում ստանալու իրավունքի մասին է, այսինքն յուրաքանչյուր կողմ իրավունք ունի պահանջել, որ դատարանը պատճառաբանված ձևով անդրադառնա իր փաստարկներին»,- մասնավորապես, ասաց Ալումյանը:

Վճռաբեկ բողոքում նշված հիմքերից մեկի մասին փաստաբանները չեն ուզում խոսել՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը։ «Մենք դրա մասին ունենք շատ ուժեղ փաստարկ, բայց որպեսզի մենք այդ փաստարկը կարողանանք լրատվամիջոցներին ներկայացնել, պետք է վերլուծենք մի փաստաթուղթ, որն իրենից պետական գաղտնիք է ներկայացնում»,- ասաց Ալումյանը, հավելելով՝ հիմքն առնչվում է Հատուկ քննչական ծառայության ներկայացրած մեղադրանքի այն հատվածին, ըստ որի, 2008 թվականի արյունալի իրադարձությունների ժամանակ նախագահի հաստատած արտակարգ դրության փոխարեն փաստացի հաստատվել է ռազմական դրություն, և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում ձևավորվել է զինվորական կառավարման նոր կառույց, որի հրահանգով էլ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ:

Երկրորդ հիմքն, ըստ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների, առնչվում է արտակարգ դրության հաստատման մասին հրամանագրին։ «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հաստատելու մասին հրամանագիրը որակել է հակաօրինական։ Քոչարյանի պաշտպանները վճռաբեկ ատյանին խնդրում են անդրադառնալ այս հարցին՝ պնդելով, որ հրամանագրի օրինականությունը որոշելու իրավունք ունի միայն Սահմանադրական դատարանը։ «Քննիչը և այս գործին առնչվող դատարաններն իրավունք չունեն՝ գնահատականներ տալ նախագահի հրամանագրին»,- պնդեց Ալումյանը:

Նրա խոսքով՝ վճռաբեկ դատարանը պետք է փաստի, որ բացի Սահմանադրական դատարանից, որևէ այլ կառույց նման որակում տալու իրավունք չունի։ Ու քանի դեռ չկա Սահմանադրական դատարանի որոշում, մեղադրանքի այդ հատվածը չի կարող գոյություն ունենալ:

Հավելենք՝ այսօր «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում անելով անանուն աղբյուրին, հաղորդել է, որ Ռուսաստանը մերժել է հայկական կողմին հանձնել «Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող, միջազգային հետախուզման մեջ գտնվող՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին։ Ըստ «Ինտերֆաքսի», ռուսական կողմը նշել է, որ 2002 թվականից Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ ՌԴ Սահմանդրությամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելու պարագայում: