Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր բողոք կներկայացնեն Վճռաբեկ դատարան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր բողոք կներկայացնեն Վճռաբեկ դատարան։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ վերաքննիչ ատյանը որոշում էր կայացրել կալանքից ազատ արձակել Քոչարյանին բացառապես նախագահի անձեռնմխելիության իրավունքից ելնելով, մինչդեռ իրենք բողոքարկման ևս երկու հիմք էին ներկայացրել, որոնց վերաքննիչը չի անդրադարձել։ Այդ հիմքերից մեկի մասին փաստաբանները չեն ուզում խոսել՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը, մյուսն, Ալումյանի պնդմամբ, հետևյալն է՝ «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հաստատելու մասին հրամանագիրը որակել է հակաօրինական։ Քոչարյանի պաշտպանները վճռաբեկին խնդրում են անդրադառնալ այս հարցին՝ պնդելով, որ նման իրավունք ունի միայն սահմանադրական դատարանը։

«Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի, որպեսզի դատարանը պատճառաբանված անդրադառնա իր բոլոր փաստարկներին, իսկ Վերաքննիչ դատարանը ոչ բոլորին է անդրադարձել», - ասաց Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն «ապօրինի» որակեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը։

Խաչատրյանը հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը վճառաբեկ բողոք կբերի, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի «չկարողանա խոչընդոտել» գործի քննությունը: Այս հայտարարությունից օրեր անց Գլխավոր դատախազությունը բողոք ներկայացրեց Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը։

Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ իրենք ևս վճռաբեկ բողոք են պատրաստում։