Սիրիան խոստովանել է, որ խոշոր հարձակում է նախապատրաստում Իդլիբ նահանգում՝ ապստամբ զինյալների դեմ։
Օգոստոսի 30-ին Մոսկվայում՝ իր ռուսաստանցի գործընկերոջ հետ զրույցում, Սիրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Սիրիան կգնա մինչև վերջ և գլխավոր նպատակը «Ալ-Նուսրա» խմբավորման չեզոքացումն է Իդլիբում, որը կապեր ունի «Ալ Ղաիդա»-ի հետ։
Ռուսաստանը հայտարարել է, թե սեպտեմբերի 1-ից 8-ը խոշոր զորավարժություններ է անցկացնելու Միջերկրական ծովում՝ օգտագործելով հրթիռակիր հածանավ, 25 ռազմանավ ու 30 ինքնաթիռ:
Վարժանքները մեկնարկում են սիրիական հակամարտության շուրջ Արևմուտքի և Մոսկվայի միջև խորացող լարվածության ֆոնին:
ՄԱԿ-ը մտավախություն է հայտնել, որ հարձակման ժամանակ սիրիական բանակը կարող է կրկին քիմիական զենք կիրառել, Վաշինգտոնն էլ զգուշացրել է՝ եթե Ասադը նման քայլի գնա, կստանա համարժեք պատասխան:
Իդլիբը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին նահանգն է, երեկ Ռուսաստանի արտգործնախարարը կոչ էր արել վերացնել այդ «թարախապալարը»: