«Ադրբեջանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներ են». Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ

«Ադրբեջանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերն են և երկու պետությունների միջև դարերի ընթացքում ձևավորված բարիդրացիական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել», - երեկ Բաքվում նման հայտարարությամբ հանդես եկավ երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Վրացական կառավարության ղեկավարին Բաքվից ոչ հեռու գտնվող «Զագուլբա» նստավայրում ընդունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Դարեր շարունակ մեր երկու ժողովուրդներն ապրել են բարեկամական, բարիդրացիական մթնոլորտում: Այսօր երկու անկախ երկրների հարաբերությունները բավական ամուր հիմքեր ունեն: Վրաստանն ու Ադրբեջանը բավական լուրջ ծրագրեր են իրականացնում: Տրանսպորտային ոլորտում իրականացված համատեղ ծրագրերը լուրջ նշանակություն ունեն Եվրոպայի և Ասիայի համար: Այս նախագծերը կյանքի կոչելու ընթացքում Վրաստանն ու Ադրբեջանն ակտիվորեն համագործակցում են նաև Թուրքիայի հետ: Ես շնորհակալ եմ, որ Դուք վարչապետի պաշտոնում ընտրվելուց կարճ ժամանակ անց որոշեցիք այցելել Բաքու: Դա մեր պետությունների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակի ևս մեկ վկայությունն է», - դիմելով Մամուկա Բախտաձեին՝ հայտարարում էր Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիևի խոսքով, սակայն, կողմերը դեռ շատ անելիք ունենք:

«Խոսքը մասնավորաբար երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման մասին է», - պնդում էր Ալիևը:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի խոսքով՝ Բաքվի և Թբիլիսիի առջև այս հարցում բավական լուրջ հեռանկարներ կարող են բացվել:

«Մենք ակնկալում ենք, որ այս տարի Վրաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները կհասնեն մեկ միլիարդ դոլարի», - բանակցությունների ընթացքում հայտարարում էր Բախտաձեն` մանրամասնելով. - «Չեմ կարծում, որ մեկ միլիարդ դոլարի ցուցանիշն առկա ներուժի լիակատար իրացում է նշանակում: Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության [ակտիվացման] պարագայում ընդամենը երկու տարում մենք այդ ցուցանիշը կկարողանանք ավելացնել 50-ից 60 տոկոսով: Վստահ եմ նաև, որ այդ ճանապարհին լուրջ խոչընդոտներ չեն լինի»։