Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր արձագանքել է Հյուսիսային պողոտայում ոստիկանների և երաժիշտների միջև երեկ տեղի ունեցած միջադեպին։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե բնակիչների կողմից ստացել են բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ նշված պողոտայում նվագող երաժիշտներն աղմկում են, խանգարելով մարդկանց հանգիստը: Ավելին, ըստ ոստիկանապետի՝ երաժիշտները գտնվել են ոչ սթափ վիճակում, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ոստիկաններն էլ ստիպված են եղել միջամտել։
Համացանցում տարածված տեսանյութերը, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով փորձում երաժիշտներից մեկին հեռացնել պողոտայինց, մեծ աղմուկ են բարձրացրել: «Ազատության» դիտարկմանը, որ սոցիալական ցանցերում կարծիքներ են հնչում, թե ոստիկանները հին ավանդույթներին են վերադարձել, Օսիպյանը պատասխանեց՝ ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում: «Ոստիկանությունը գործում է «Ոստիկանության մասին օրենքով» և այդ պահին էլ է գործել այդ օրենքով։ Ըստ դրա, նախատեսված է նաև ֆիզիկական ուժ գործադրելը: Չի կարող ոստիկանը բոլորի հանդեպ լինել այնպիսին, ինչպես որ բոլորն են ուզում»,- հավելեց ոստիկանապետը։
Տեսանյութերում երևում է, որ ոստիկաններն ուժ են կիրառում, այսպես կոչված, «իռոկեզ» սանրվածքով մի [ուկրաինացի] փողոցային երաժշտի նկատմամբ։ Վերջինս իրեն ուղղված հարցին պատասխանում է․ «Ես ոչինչ չեմ արել, հարցրեք նրանց, թե ինչ եմ արել։ Ես հարգում եմ ուրիշների օրենքները»։
Գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը, որը հաճախ է լինում Հյուսիսային պողոտայում, ասում է, որ երաժիշտներն անգամ «ցածր էին նվագում»։ «Մեր պարոն ոստիկանները մոռացել են, որ իրենք նույնքան ատելություն էին հարուցում իրենց հանդեպ, ինչքան Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, որոնց հրահանգներով ծեծում էին ցուցարարներին, լրագրողներին: Հիմա մեր կողմից էդ ժեստը կա, որ դուք մեր ոստիկաններն եք, բայց իրենք չեն կարողանում դառնալ մեր ոստիկանները։ Նրանք ներկայացնում են իշխանությունը, գալիս են մարդկանց նեղում են, մարդկանց քշում են, նվաստացնում են: Էդ մարդիկ էլ խոցելի են․ նախ արվեստագետ են, հետո՝ որ եկել են այստեղ մի քանի դրամ վաստակելու, ուրեմն նաև կարիքավոր են: Ու միանգամից դրանց վրա՞ ուժները կպատի»,- ասում է Մարտիրոսյանը։
Արձագանքելով ոստիկանապետի հայտարարությանը, թե ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում, նա նշում է․ «Ասենք թե մարդը ոչ սթափ է, ընդ որում՝ ոչ մի հայհոյանք չի եղել, ես հարցրել եմ, հետաքրքրվել եմ: Էդ չի նշանակում, որ ձեռքերը պիտի ջարդես, գլուխը ասվալտին կպցնես»:
Միջադեպին արձագանքել է նաև առաջին փոխվարչարչապետ Արարատ Միրզոյանը: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է․ «Փողոցային երաժիշտները քաղաքային մշակույթի կարևոր մաս են, և նրանց կարող է ներկայացվել միայն մեկ պահանջ՝ համերգն ավարտել մինչև ժամը 23-ը»:
Այսօր Հյուսիսային պողոտայում, ի աջակցություն փողոցային երաժիշտների, կազմակերպվելու է համերգ։