«Լիահույս եմ, որ «Մարտի 1»-ն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է». ՀՔԾ պետ

«Ես լիահույս եմ, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ գործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին, մեկ միասնական վարույթ է։ Ես ասում եմ, որ ամեն ինչ արվում է և արվելու է, և ես լիահույս եմ, որ այս գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Հատուկ քննչական ծառայության պետը։

Հիշեցնենք՝ 2008 թվականի մարտի 1-ին պաշտպանության փոխնախարարն և մայրաքաղաքի կայազորի պետը Յուրի Խաչատուրովը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: