«Լիդիան Արմենիա»-ի կողմից Ամուլսարից օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման փաստով հարուցվել է քրգործ. դատախազություն

Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել տեսչական մարմնի ղեկավարի հուլիսի 4-ի և հուլիսի 17-ի հանձնարարագրերի հիման վրա «Լիդիան Արմենիա» ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված փաստաթղթերը՝ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ:

Ըստ հաղորդագրության, դրա հիման վրա Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել է ուսումնասիրություն, ինչի նպատակով տեսչական մարմնից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր: Մասնավորապես, «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմանների շեղումներով, ապօրինի, առանց ըդերքօգտագործման իրավունքի շուրջ 3 հեկտար մակերեսով տարածքից՝ 0.5-10 մետր խորությամբ տարհանվել է բազալտանման լեռնային զանգված և 2 հեկտար մակերեսով տարածքից՝ 0.5-8 մետր խորությամբ՝ կավանման լեռնային զանգված: Դրա հետևանքով, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական՝ ընդհանուր առմամբ շուրջ 18 միլիոն դրամի վնաս», - ասված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ամերիկաբրիտանական «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել է երկու տարի առաջ՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար:

Ամուլսարում ոսկու արդյունահանման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը վստահեցնում է, որ բնապահպանական որևէ վտանգ չկա: