Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեխ Վալենսան Նոբելյան մրցանակի է առաջադրել Սենցովին

Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսա, արխիվ

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան նույն՝ Նոբելյան մրցանակի է առաջադրել ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին, ով արդեն հարյուր օր է հացադուլ է անում ռուսաստանյան բանտում:

«Չեմ կարող ձեռքերս ծալած նստել», - «Ազատության» ուկրաինական ծառայությանը տված հարցազրուցյում ասել է Վալենսան, ով խորհրդային տարիներին ինքն էլ բանտում էր հայտնվել՝ այլախոհության ու մարդու իրավունքները պաշտպանելու համար:

«Ես էլ եմ եղել այդ բարդ դրության մեջ, ես էլ եմ պայքարել, և այդ մրցանակը ժամանակին օգնեց, որ ես վերստին ազատություն ստանամ, որ Լեհաստանն ազատագրվի: Սենցովի դեպքում ևս նույն աջակցությունն անհրաժեշտ է, և այդ պատճառով ամեն ինչ կանեմ, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը նրան հանձնվի», - ասել է Լեհաստանի նախկին նախագահը։

Սիմֆերոպոլում ծնված, ազգությամբ ուկրաինացի ռեժիսորը ձերբակալվել է 2014-ին, երբ հրապարակավ սկսել էր պայքարել Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու դեմ:

Մոսկվան նրան 20 տարվա ազատազրկման է դատապարտել՝ ոստիկանական բաժանմունք հրդեհելու և ահաբեկչություններ ծրագրելու մեղադրանքներով, ինչը հիմնավորող ապացույցներ մինչ օրս չեն հրապարակվել:

Օլեգ Սենցով, արխիվ

«Amnesty International-ն ու հեղինակավոր մյուս իրավապաշտպան կազմակերպություններն անարդար ու ապօրինի են որակում Սենցովի դատավճիռը», - հայտարարում է Վալենսան՝ հատուկ ընդգծելով, որ ռեժիսորն այդ ծայրահեղ քայլին է գնացել ոչ թե իր, այլ ուկրաինացի մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

«Ներկայիս նյութապաշտ աշխարհում քիչ են նման համարձակ, պայքարի պատրաստ մարտիկները, մինչդեռ նրանք պետք են՝ մյուսներին ոգևորելու, աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Ռուսական այդ ուժային մեթոդները, որ այսպես թե այնպես, տանելու են պարտության, առավել արագ կանցնեն պատմության գիրկը, եթե ավելի շատ լինեն Սենցովի պես համարձակ մարդիկ», - ասել է Վալենսան:

Չնայած իրավապաշտպանների կոչերին ու հարազատների դիմում-խնդրանքներին՝ Ռուսաստանի իշխանությունները մինչ օրս հրաժարվում են ազատ արձակել 42-ամյա Սենցովին, որի առողջական վիճակն արդեն գնահատվում է ծայրահեղ ծանր:

Մոսկվան չի համաձայնում նաև նրան փոխանակել Ուկրաինայում կալանավորված ռուսների հետ՝ պնդելով, թե Ղրիմը Ռուսաստանի տարածքն է, Ղրիմում ծնված Սենցովը՝ Ռուսաստանի քաղաքացի, ով չի կարող փոխանակվել ռուսաստանի մեկ այլ քաղաքացու հետ:

«Եթե հնարավորություն ունենայիք Սենցովին դիմելու, ի՞նչ կասեիք», - հարցրել է «Ազատության» ուկրաինական ծառայության թղթակիցը Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեխ Վալենսայից:

Լեհաստանի նախկին նախագահը պատասխանել է. - «Ես կասեի՝ «Օլեգ, դու ճիշտ ես, և լավ է, որ կան քեզ նման մարդիկ, դա հույս է տալիս, որ այս աշխարհը ավելի լավը կդառնա: Դիմացի՛ր քեզ բաժին ընկած չարին, դիմացի՛ր, քանի որ դու օրինակ ես տալիս աշխարհին, թե ինչպես է պետք պայքարել»։

Վալենսան Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել 1983-ին՝ սեփական կյանքը վտանգելով այլոց իրավունքները պաշտպանելու, Լեհաստանում առաջին արհմիությունները ստեղծելու և խնդիրները երկխոսությամբ կարգավորելու համար: