«Այս ընտրությունները լինելու են առաջինը, որոնք կանցնեն որակապես նոր և ամբողջությամբ մրցակցային մթնոլորտում». Իոաննիսյան

«Ես հուսով եմ, որ սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունները լինելու են առաջինը, որոնք կանցնեն որակապես նոր և ամբողջությամբ մրցակցային մթնոլորտում», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

Իոաննիսյանն ընդգծեց՝ բոլոր նախապայմանները կան, որ գործող Ընտրական օրենսգրքի համաձայն նորմալ ընտրություններ անցնեն։

«Բոլոր կուսակցությունները հնարավորություն ունեն մասնակցելու Երևանի ավագանու գալիք ընտրություններին։ Ենթադրում եմ, որ որոնք որ չեն մասնակցել կամ գնահատել են իրենց հնարավորությունները, կամ որոշել են ուժերը կենտրոնացնել Ազգային ժողովի ընտրությունների վրա, կամ այլ պատճառով չեն մասնակցել։ Ամեն դեպքում մրցակցության հնարավորություններն ապահովված են, բոլոր նախապայմանները կան, որ գործող ընտրական օրենքի համաձայն նորմալ ընտրություններ անցնեն», - նշեց Իոաննիսյանը։

Հարցին, թե այս ընտրությունները փոփոխված Քրեական օրենսգրքով կանցկացվեն, Իոաննիսյանը պատասխանեց. - «Հավանաբար կառավարությունն այսօրվա նիստում կընդունի արդեն փոփոխությունների նախագիծը և այն կուղարկի խորհրդարան։ Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունները հնարավորություն կտան, որպեսզի ընտրությունների ժամանակ թե՛ ընտրախախտումների դեմ պայքարն ավելի էֆեկտիվ տարվի, թե՛ ընտրախախտումների դեպքում դրանց դիմաց պատիժները լինեն ադեկվատ։ Հիմնականում այն ընտրական հանցագործությունները, որոնք կատարված են լինելու մի խումբ անձանց կողմից, կամ կազմակերպված խմբի կողմից, ավելի խիստ պատասխանատվության են ենթարկվելու, որովհետև դա համարվում է, որ այդ խումբը նպատակ է ունեցել սահմանադրական կարգի ձևավորումը օրինական ճանապարհից շեղել, բացի այդ փոփոխությունների փաթեթով քրեականացվում է նախընտրական փուլում բարեգործության արգելքի խախտումը, որը նախկինում վարչական իրավախախտում էր, այժմ դառնում է քրեական»։

Իոաննիսյանը նշեց՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով դիտորդական առաքելություն իրականացնողները, կուսակցությունները և թեկնածուները հնարավորություն են ստանում վարչական իրավախախտում տեսնելու դեպքում ուղիղ գնալ դատարան՝ շրջանցելով ընտրական հանձնաժողովին դիմելու պարտադիր պայմանը։

«Եթե անգամ որոշ անձինք կամ ուժեր որոշեն, որ ընտրակաշառք բաժանեն կամ նման այլ գործողությունների դիմեն, ապա փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը և իրավապահ մարմինները կստանան հնարավորություն արդյունավետորեն պայքարել նման հանցագործությունների դեմ՝ օգտագործելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների ամբողջ օրինական սպեկտորը։ Ես հուսով եմ, որ սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունները լինելու են առաջինը, որոնք կանցնեն որակապես նոր և ամբողջությամբ մրցակցային մթնոլորտում», - եզրափակեց Իոաննիսյանը։

Երեկ լրացավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը։

Կենտրոնական ընտրոնական հանձնաժողով գրանցման փաստաթղթեր են ներկայացրել 13 քաղաքական ուժեր՝ 4-ը դաշինք և 9 կուսակցություն։

Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին, կավարտվի սեպտեմբերի 21-ին։ Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։