Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը հրազենային վնասվածք է ստացել

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով կա ձերբակալված՝ Գյումրու բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն:

Ոստիկանությունն ու քննչական կոմիտեն այսօր առավոտյան հայտարարել էին, որ երեկ կեսգիշերին վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել, դիմակավորված երեք անձ մտել են նրա՝ Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան տարածք: Գոռ Մկրտումյանն ու հայրը՝ Արման Մկրտումյանը, դիմադրություն են ցույց տվել առանձնատուն ներխուժած անձանց, որի ընթացքում նախկին պաշտոնյայի որդին իր անվամբ հաշվառված գազային ատրճանակով վնասազերծել է հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսն անկանոն կրակոցներ են արձակել ու դիմել փախուստի:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Վնասազերծվածի վրա նույնպես կան վնասվածքներ: Միջադեպի հետևանքով վնասվածք է ստացել նաև պարոն Մկրտումյանը, նրա մոտ ախտորոշվել է ձախ գոտկային շրջանի՝ ձախ նստատեղի հրազենային միջանցիկ, ձախ նստատեղի ստորին երրորդականի հրազենային շոշափող վնասվածք», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: - «Ձերբակալված անձը հարցաքննվել է: Նախնական տվյալներով ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց նպատակը եղել է հափշտակությունը»:

«Էրեբունի» բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ շտապօգնության մեքենայով իրենց մոտ տեղափոխված Արման Մկրտումյանը հրազենային վնասվածք է ստացել, վերքերը մշակվել են։ Մկրտումյանը հրաժարվել է հոսպիտալացվել։ Ձորաղբյուր գյուղի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում ասացին՝ ոչինչ չեն տեսել, չեն լսել: Նրանցից միայն մեկն ասաց՝ կրակոցի ձայներ է լսել, բայց կարծել է՝ հրավառություն է:

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատուն ներս մտնել չհաջողվեց:

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի որդին՝ Գոռ Մկրտումյանը, չտեսանկարահանվելու ու չձայնագրվելու պայմանով ասաց՝ իրենց տուն մտնող դիմակավորված անձինք երեքը չէին, շատ էին: Ասաց՝ նրանցից մեկին ինքն է վնասազերծել: «Ազատության» հարցին՝ տեղի ունեցածը կապո՞ւմ է հոր պաշտոնավարման հետ, ասաց՝ չի կարող պատասխանել:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է՝ քրեական գործը հարուցվել է ավազակային հարձակման ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու հոդվածներով:

10 տարի շարունակ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մկրտումյանը հրաժարական տվեց իշխանափոխությունից շաբաթներ հետո: Նրան 2008 թվականին այդ պաշտոնին էր նշանակել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

Հրաժարականի իր հայտարարության տեքստում Մկրտումյանը նշել էր, թե ժամանակի հրամայականն է հնարավորություն ընձեռել փորձառու երիտասարդներին դրսևորելու իրենց գիտելիքները, ուժը, եռանդը:

Փաստաբաններն ու իրավապաշտպանները տարիներ շարունակ խստորեն քննադատում էին Մկրտումյանին, պարբերաբար հնչում էին նրա հրաժարականի պահանջներ: Փաստաբանները հաճախ էի նշում, թե նրա պաշտոնավարման 10 տարիների ընթացքում դատական համակարգն էլ ավելի անմխիթար վիճակի է հասցրել:

Մկրտումյանի անունը երկու տարի առաջ հիշատակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներից մեկում: Ստրասբուրգյան դատարանը նշել էր՝ Մկրտումյանի վարքագիծը արդարացի կասկած է առաջացրել, որ նա Հայաստանի դեմ բողոք ներկայացրած դիմումատուի գործով որոշում կայացնելիս անաչառ չի եղել: