Հանրապետական կուսակցության ղեկավար անդամները չեն կիսում պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը, թե գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության պատճառը սահմանադրական փոփոխություններին էին և պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախագահի աթոռից վարչապետի աթոռին անցնելը:
Քոչարյանը ռուսական НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե վերլուծել է արդյոք՝ ինչու տեղի ունեցավ հեղափոխությունը, պատասխանել է․ - «Կարծում եմ նա [Սերժ Սարգսյանը] չպետք է սահմանադրական փոփոխություններ կատարեր: Եվ, իհարկե, նա չպետք է փորձեր իշխանությունը պահել իր ձեռքում՝ իր աթոռից նստելով վարչապետի աթոռին»:
«Սերժ Սարգսյանին որպես վարչապետ ընտրել էինք մեր պետական շահերից ելնելով», -հիշեցնում է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղադասարյանը։ - «Որևէ անձնական շահագրգռվածություն մենք չենք տեսել այդտեղ և ինձ թվում է, որ մեր որոշումը ճիշտ է եղել: Իսկ ինչ մնում է, որ մեր իշխանությունը պահելու համար․․․ եթե չլիներ Սերժ Սարգսյանը, նորից պետք է Հանրապետականը մեկ ուրիշ թեկնածու առաջադրեր և դա նորից պետք է լիներ մեր իշխանությունը: Ցանկացած թեկնածուի դեպքում, ինձ թվում է, որ այս գործընթացը պետք է լիներ»:
Հանրապետականի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս չի կիսում 2-րդ նախագահի տեսակետը, թե սահմանադրական փոփոխությունները և Սերժ Սարգսյանի՝ պաշտոնավարումը երկարաձգելու փորձը հանգեցրեց հեղափոխության։
«Թիվ մեկ պատճառն այն էր, որ մենք ընդունեցինք կրավորական կեցվածք, իսկ քաղաքական փոքրամասնությունը, իր համախոհներով, ակտիվ փոքրամասնության կեցվածք ընդունեց և շանտաժով Հայաստանում իշխանություն փոխեց», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շարմազանովը: - «Ես կրկնում եմ, որ Փաշինյանը դառել է վարչապետ, իմ խորին համոզմամբ, շանտաժի և սպառնալիքի ալիքի տակ»:
ՀՀԿ-ն կոնսոլիդացվելու է սեփական օրակարգի շուրջ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ես հասկանում եմ, որ կարող եմ դառնալ բավականին լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն»․ ՔոչարյանՊաշտոնաթող նախագահ Քոչարյանը, ով այժմ մեղադրյալի կագավիճակում է մարտի 1-ի գործով, ռուսաստանյան հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել էր նաև իր՝ քաղաքականություն վերադառնալու հարցին՝ նշելով, կարող է լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն դառնալ այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այսօրվա խնդիրները։
Շարմազանավի խոսքով, Հանրապետական կուսակցությունը մշտապես կոնսոլիդացվելու է սեփական օրակարգի շուրջ:
«Բոլոր այն գործիչները, որոնց օրակարգը կհամընկնի Հանրապետական կուսակցության օրակարգի հետ, մենք պատրաստ ենք միավորվել, համագործակցել՝ անկախ մեր նախկինում եղած տարաձայնությունների: Սա իմ անձնական գնահատականն է», - շեշտեց ՀՀԿ խոսնակը:
«Եթե լիներ վենդետա, որևէ ընթացակարգ չէր լինի»
НТВ-ին տված հարցազրույցում 2-րդ նախագահ Քոչարյանը, ով 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Հայաստանի նախագահն էր, նորից պնդել է, որ ներկայիս իշխանությունն իր դեմ վենդետա է իրականացնում։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է՝ վենդետայի մասին խոսելով Ռոբերտ Քոչարյանը փորձում է մոլորեցնել շատերին․ - «Պարոն Քոչարյանի գործը քննվում է Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում և նա ունի լավագույն փաստաբանները, նա ամբողջ օրը հարցազրույցներ է տալիս, նրա նկատմամբ կան արդեն երկու դատական ակտեր՝ մեկը մյուսին հակասող: Կարծում եմ՝ իր շահերից չի բխում, որ ինքը ասի, որ կա վենդետա, որովհետև եթե լիներ վենդետա, ուրեմն որևէ ընթացակարգ չէր լինի»:
Հարցազրույցում Քոչարյանը վենդետան հիմնավորելիս նշել էր, որ մարտի 1-ից՝ «10 տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր կազմակերպել էին այդ զանգվածային անկարգությունները, ովքեր դատապարտվել էին զանգվածային անկարգությունների կազմակերպման համար»։
«Վերջին հաշվով, որ նայենք, թե մարտի 1-ի գործով դատապարտվածների հետ վերջում ինչ է եղել, բոլորը քաղաքական դրդապատճառներով ազատ են արձակվել: Իսկ ո՞րն է քաղաքական դրդապատճառները՝ համաներումներ են կիրառվել, տարբեր մեթոդներ են կիրառվել, որպեսզի այդ մարդիկ իրենց պատիժը չկրեն մինչև վերջ: Ինչո՞ւ, որովհետև եղել են միջազգային, և այստեղ՝ Հայաստանում, հանրային ճնշումներ», - մեկնաբանում է Էդմոն Մարուքյանը: