Անկարան խորը ափսոսանք է հայտնում Ֆրանսիայի նախագահի որոշ հայտարարությունների կապակցությամբ, անցած երեքշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզում կայացած Ֆրանսիայի դեսպանների տարեկան հավաքին ասել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պան-իսլամական ծրագիրը հակասում է եվրոպական արժեքներին:
«Նախագահ Էրդողանի Թուրքիան այլևս Աթաթուրքի Թուրքիան չէ», - ասել է Մակրոնը:
Հարցականի տակ դնելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը՝ Մակրոնը նշել է, որ Եվրամիությանն անդամակցելու փոխարեն անհրաժեշտ է Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցություն կառուցել՝ հաշվի առնելով, որ այդ երկու երկրները կարևոր ուժ են եվրոպական հավաքական անվտանգության համար:
Թուրքական պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, արտգործնախարարության խոսնակն ասել է, թե Մակրոնի «հակաեվրոպական Թուրքիա» մեկնաբանությունները չեն արտացոլում իրականությունը: