Իրաքը ձգտում է հասնել Իրանի նկատմամբ ԱՄՆ սահմանած որոշ պատժամիջոցների չեղարկմանը

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադի, արխիվ

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ պատվիրակություն կուղարկի Վաշինգտոն՝ բանակցելու Իրաքի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Իրանի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցների չեղարկմանը։

«Մենք ամերիկյան կողմին խնդրանքներ ունենք, մենք ներկայացրել ենք դրանք, և պատվիրակությունը կմեկնի բանակցությունների», - ասել է Աբադին օգոստոսի 28-ին կայացած մամլո ասուլիսում` նշելով, որ Իրաքի տնտեսությունը սերտորեն կապված է Պարսից ծոցի հարևանի հետ, մասնավորապես, էներգետիկ ոլորտում:

«Մենք ներկայացրել ենք հստակ տեսլական, թե իրականում ինչի կարիք ունի Իրաքը, ներառյալ նաև իրանական բնական գազը, ինչը շատ կարևոր է, ինչպես նաև առևտրի և էլեկտրաէներգիայի այլ ոլորտներ», - ասել է Իրաքի վարչապետը:

Աբադին ասել է, որ Վաշինգտոնը կարծես թե բաց է Իրաքի խնդրանքներին:

Օգոստոսի 6-ին ուժի մեջ մտավ Իրանի հանդեպ ամերիկյան վերականգնված պատժամիջոցների առաջին փուլը, որը ուղղված է արտարժույթի շուկային ու արդյունաբերության հիմնական ճյուղերին:

Իրանին արգելվում է ամերիկյան դոլար գնել, արգելվում կամ խիստ սահմանափակվում է օդանավերի, ավտոմեքենաների, ալյումինի, մետաղների, պարսկական գորգերի ու ոսկու առևտուրը, արգելվում են իրանական ռիալով գործարքները:

Պատժամիջոցների երկրորդ փուլով՝ առաջիկա նոյեմբերից, նախատեսվում է արգելքներ դնել իրանական նավթի արտահանման ու առևտրի վրա: