Նկարիչների միություն ցուցասրահներում բացվել են ուշագրավ ցուցահանդեսներ

Հայ ժամանակակից կերպարվեստի երկրպագուները Նկարիչների միության երկու ցուցասրահներում կարող են երկու ուշագրավ ցուցահանդես դիտել, որտեղ ներկայացված գեղանկարիչներից յուրաքանչյուրի գեղագիտական ընկալումները շատ տպավորիչ են:

Առաջին հարկի ցուցասրահում «Անցում» խորագրի ներքո ներկայացված են չորս գեղանկարիչների՝ Գևորգ Բաղդասարյանի, Սեդա Բեքարյանի, Արփի Վարդանյանի և անվանի բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանի ստեղծագործություները, իսկ երկրորդ հարկի ցուցասրահը տրամադրվել է Մաքսիմ Գիքինյանի, Արշավիր Կիրակոսյանի, Սամվել Աթասունցի ու ևս հինգ գեղանկարիչների ստեղծագործություններին՝ «Հիշողություն» խորագրի ներքո:

Ուշագրավ է, որ առանձին բաժիններով ներկայացված երկու ցուցահանդեսների հեղինակներին ոչ մի կերպ չես շփոթի: Յուրաքանչյուրն իր յուրահատուկ գեղագիտական մտածողությամբ և անկրկնելի ոճով է ներկայանում արվեստասերին:

Հատկապես ուշագրավ է պարարվեստից կերպարվեստ անվանի բալետմեյստր Ռուդոլֆ Խառատյանի անցումը․ նա իր ընկերների հետ ներկայանում է որպես պրոֆեսիոնալ գեղանկարիչ:

«Հիշողություն» խորագրի ներքո ութ հեղինակների ներկայացրած ցուցահանդեսում հիշողության հետաքրքիր համադրումներ կան:

Հեղինակներից մեկը՝ Սերյան Գասպարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք ընկերներով երկար ճանապարհ են անցել և մեծ հիշողություններով են կապված միմյանց հետ․ - «Գործեր կան, որ ժամանակ է անցել: Նկարիչները արել են, հետո անցել է որոշ ժամանակ, ուրիշ գործեր ենք արել: Բայց նորից վերադարձել ենք այդ ժամանակը, որը որ մենք անցել ենք: Եթե դու անընդհատ հետ չես նայում, առաջ ես ուզում գնաս, կարող ա չկարողանաս: Այսինքն՝ մեր անցած տարիները, մեր արած գործերը ոնց որ կրկին անգամ մեր մեջ ի մի ենք բերում»:

Իսկ գեղանկարիչ Վլադիմիր Սիմոնյանն ասաց․ - «Երկար տարիներ կապնված ենք միասին: Պայզաժներ կան, որ շատը հենց բնության գրկում ա արված»:

«Մենք ընկերներ ենք, միշտ էլ միասին ենք․․․ Իսկ հիշողությունը, ինձ թվում ա, ամեն օրն էլ հիշողություն ա դառնում, օրը անցնում ա, հուշ ա դառնում: Մեզ միավորում ա հոգեկան աշխարհը, իրար նման լինելը, կես խոսքից իրար հասկանալը, հումորը, ստեղծագործության մեջ զարգացումները», - ասաց Սամվել Աթասունցը:

Ներկայացված հեղինակներից մեկն էլ շեշտում էր, որ ոչ մի նկար չի վաճառում, այլ միայն նվիրում է:

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի նկարիչներ միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց․ - «Յուրօրինակ ցուցահանդես է, քանի որ մասնակիցները շատ իրար հարիր նկարիչներ են՚ Բոլորը ունեն, կարծես թե, նույն համոզմունքը, որ կերպարվեստում ամենկարևորը ռեալիստական ուղին է՝ հիմնված ակադեմիական կրթության վրա: Դա նկատվում է բոլոր ստեղծագործողների մոտ: Չնայած դրան, ամեն մեկը յուրովի է մոտենում»: