Սամվել Ֆարմանյանը վստահ է, որ քրոջ նկատմամբ հարուցված գործը «առնչվում է» իրեն

Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր Ազգային ժողովում անդրադառնալով իր քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրեական գործին՝ հայտարարեց․ «Ակնհայտ է, որ սա առնչվում է ինձ»:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև պնդեց, թե քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումներով անհիմն, շինծու գործ է թխվել: Դատարանը հետախուզման մեջ գտնվող Ֆարմանյանի քրոջը կալանավորելու որոշում է կայացրել: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:

«Ցանկանում եմ անդրադառնալ ըստ էության իմ անձի շուրջ հարուցված քրեական գործին, որը վերաբերում է քրոջս, Գյումրիի պետական համալսարանին: Ակնհայտ է ինձ համար, որ սա առնչվում է ինձ՝ որպես Ազգային ժողովի պատգամավորի, քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումներով անհիմն, շինծու գործ է թխվել, մեղադրանք է առաջադրվել: Հանրապետության գրված և չգրված օրենքների, բարոյականության սահմաններից այն կողմ, մարդկային պատշաճությունից էլ այն կողմ գործողություն է, որը չի կարող մնալ անպատասխան», - նշեց Սամվել Ֆարմանյանը:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, 2012-2016 թթ. ուսումնական տարիների ընթացքում շրջանավարտներին հատկացվող դիպլոմները և դրանց միջուկները պատվիրելու և հատկացնելու պատրվակով 3529 շրջանավարտից խաբեությամբ գումար են վերցրել, թեև այդ նպատակով գումար է դուրս գրված եղել: Նախնական տվյալներով՝ հափշտակված գումարը կազմում է գրեթե 19,5 միլիոն դրամ:

Հետախուզման մեջ գտնվող նախկին պռոռեկտորը իր ֆեյսբուքյան էջում սակայն գրել էր, թե մեղադրանքի իրական պատճառն իր ազգանունն է, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը։

Խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, արձագանքլեով նաև խորհրդարանում արված Սամվել Ֆարմայնանի նույնաբովանդակ հայտարարությանը՝ նշեց, որ քրեական գործերը հարուցվում են բացառապես ըստ արարքի․ - «Քրեական գործեր երբևիցե որևիցե մեկի դեմ չեն հարուցվում, քրեական գործերը հարուցվում են ըստ փաստերի և չեն հարուցվում ըստ մեր կամ որևիցե մեկի նախասիրության: Խնդրում եմ սա ի նկատի ունենալ, հիշել հիմա և այսուհետ ընդմիշտ»:

Անահիտ Ֆարմանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ իր պաշտպանյալը չի թաքնվել, պարզապես արձակուրդում է ու պատրաստ էր գալ հարցաքննության, բայց դա տեղի չի ունեցել ո՛չ Ֆարմանյանի մեղքով:

Իսկ կալանավորման որոշումը Անահիտ Ֆարմանյանի փաստաբանները բողոքարկում են․ - «Կային անելու բազմաթիվ դատավարական գործողություններ, որոնք չեն արվել: Անհիմն մեղադրանք է և անհիմն կալանավորելու միջնորդություն և որոշում: Այս պահին բողոքարկվում են նշված որոշումները Վերաքննիչ դատարանի նիստը, կարծում եմ, այս շաբաթ արդեն կնշանակվի: Հարցաքննությունը այդպես էլ չկայացավ, որի պատրաստակամությունը մենք նախօրոք հայտնել էինք»:

Խուդոյանը հավելեց, որ իր պաշտպանյալը հիմա էլ պատրաստ է վերադառնալ ու հարցաքննվել․ - «Ուղղակի մենք պետք է այն վստահությունը ունենանք, որ գործ ենք ունենալու միայն օրենքի շրջանակներում աշխատող իրավաբանների հետ»:

Իրավապահների հայտնաբերած չարաշումները վերաբերում են այն տարիներին, երբ Շիրակի պետական համապսարանի ռեկտորը այժմ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանն էր:

Նա «Ազատությանը» փոխանցեց, որ ինքն այս գործով արդեն հարցաքննվել է, ավելին՝ վկայի կարգավիճակ ունի:

Հարցին, թե արդյոք բուհում կարող էր շուրջ 19,5 մլն գումարի հափշտակություն տեղի ունենալ առանց իր իմացության, Գրիգորյանն արձագանքեց․ - «Քանի որ ես վկա եմ էդ գործին, ու էսօր իմ ասածը կարող է վաղը իմ դեմ աշխատել, ես միայն կարող եմ բնութագրել Ֆարմանյան Անահիտի գործողությունը: Անահիտ Ֆարմանյանը լավագույն աշխատողներից մեկն էր, չեմ կարծում, որ քրեական գործը կամ կալանավորման որոշումը բխում է գործի շահերից»:

Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, արձագանքելով Սամվել Ֆարմանյանի հայտարարությանը, ասաց, թե նախարարությունն իրավապահների գործերին չի խառնվում, բայց Ֆարմանյանին հիշեցրեց․ - «Պետք է հիշեցնել պարոն Ֆարմանյանին, որ սա իրենց հանրապետական իշխանության ժամանակաշրջանը չէ, երբ իրապես մարդկանց կարող է անվանվան կամ մեկ գրառման պատճառով հետապնդման ենթարկեին բուհերում և տարբեր տեղեր: Մենք այսօր բացարձակապես զբաղված ենք կրթության ոլորտի բարեփոխումներով և որևէ մեկին իր անվանման կամ քաղաքական հայացքների համար որևէ կերպ Կրթության և գիտության նախարարության կողմից հետապնդման ո՛չ հրահանգ, ո՛չ նման իրավասություն ունենք մենք տալու, ո՛չ նմանատիպ ինչ-որ բան տեղի է ունեցել»: