Իր հրաժարականից 2 ամիս անց միայն Եղեգնուտի համայնքապետը հանձնեց աշխատասենյակը

Եղեգնուտ համայնքը 34 տարի ղեկավարած Ռազմիկ Մարգարյանը, օգոստոս, 2018 թ․

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի՝ գրեթե 2 ամիս առաջ հրաժարական տված համայնքապետ Ռազմիկ Մարգարյանն այսօր ի վերջո աշխատասենյակը զիջեց համագյուղացուն՝ Ռազմիկ Մկրտչյանին, որը մարզպետի որոշմամբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։

Չնայած իր գրած հրաժարականի դիմումին, Մարգարյանը մինչ օրս հրաժարվում էր ազատել պաշտոնավայրը։ Երեկ ամբողջ օրը նախկին գյուղապետն ու վարչակազմի 5 աշխատակիցները փակել էին գյուղապետարանի դռները՝ գյուղապետարան մտնելու հնարավորություն չտալով անգամ կառավարության ու մարզպետարանի ներկայացուցիչներին։ Դեռ խորհրդային տարիներից մոտ 3000 բնակիչ ունեցող Եղեգնուտը ղեկավարած Ռազմիկ Մարգարյանը չի ժխտում՝ հուլիսի 2-ին հրաժարականի դիմում է գրել, և ոչ ոք դա իրեն չի հարկադրել։

Պաշտոնից հեռացած գյուղապետը «Ազատությանն» այսօր ասաց, թե չի բացառում, որ կբողոքարկի իր լիազորությունները դադարեցնելու և ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին՝ մարզպետի որոշումը, իսկ հոկտեմբերի 23-ին նշանակված՝ Եղեգնուտի համայնքապետի ընտրություններում մտադիր է «անպայման» առաջադրել իր թեկնածությունը։ Ռազմիկ Մարգարյանը դեռ երեկ ասում է, թե միտքը փոխել է՝ չի ուզում հեռանալ 34 տարի շարունակ զբաղեցրած պաշտոնից, քանի որ համայնքի ավագանին, որի 7 անդամներից մեկն էլ, ի դեպ, իր հարազատ եղբայրն է, չի հաստատել հրաժարականի դիմումը։ «Այսինքն՝ ես գործող համայնքի ղեկավար եմ, վերջ, ինչի՞ մասին ա խոսքը»,- ասաց Մարգարյանը։

Հուլիսի 2-ին մի խումբ եղեգնուտցիներ, այդ թվում մարզպետարանի կողմից գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռազմիկ Մկրտչյանը, բողոքի ակցիա էին կազմակերպել, որի ժամանակ գյուղապետին մեղադրել էին «թալանի մեջ», պահանջել նրա հրաժարականը։ Ռազմիկ Մկրտչյանը, ով դեռ 2012 թվականին նախկին գյուղապետի հետ ընտրապայքարի մեջ էր մտել ու պարտվել, այսօր շեշտում է՝ տասնամյակներ շարունակ պաշտոնավարած գյուղապետը համայնքը երկու մասի է բաժանել, անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծել, հակառակ բարիկադներում հայտնվածների տուն «անգամ թաղման կամ հարսանիքի չի մտնում»։ «Ամբողջ գյուղում իրար հետ անհաշտ են ապրում, ժողովուրդն էլ վախի մթնոլորտում ա ապրում»,- ասում է Ռազմիկ Մկրտչյանը:

Եղեգնուտի ժամանակավոր ղեկավարը պնդում է, որ գյուղի ամենակարևոր հատվածներն արդեն նախկին գյուղապետի ու նրա հարազատների սեփականությունն են դարձել։ «Ընդեղ բիստրո կա, գազալցակայան կա, մնացած տարածքերը․․․ սեփականացված են իր և իր եղբայրների վրա»,- հավելում է Մկրտչյանը:

Այդ ամենն ստուգել է նաև մարզպետարանի պաշտոնյաներից կազմված հատուկ հանձնաժողովը և խախտումներ հայտնաբերել, որոնց մասին տվյալները ներկայացվել են իրավապահ մարմիններին: Այս մասին «Ազատությանն» ասաց Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը։ «Այնտեղ բացահայտել են բազմաթիվ խախտումներ, ֆինանսական հետևանքներ առաջացնող խախտումներ են եղել: Թող իրավապահ մարմինները դրան համապատասխան արձագանք տան»,- ասաց փոխմարզպետը:

Մարզպետարանի ստուգող հանձնաժողովը, մասնավորապես, արձանագրել է, որ ավագանին, օրենքի խախտմամբ, համայնքապետի համար պարգևավճարներ է սահմանել, գործարան, հողեր, այլ տարածքներ սեփականության իրավունքով հանձնել համայնքապետի եղբորը։ Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ չգործող գրադարանը 78 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատող ունի։ Խախտումներ են արձանագրվել նաև համայնքում գործող մանկապարտեզում։

Մինչդեռ, դրա համար պատասխանատու, մինչ այսօր գյուղը ղեկավարած Ռազմիկ Մարգարյանը համաձայն չէ իրեն վերագրվող անօրինականությունների մասին պնդումներին․ «Ժողովուրդ ջան, ես ձեր համար եմ արել, երդվում եմ իմ սրբություններով՝ ես ոչինչ իմ տուն չեմ տարել, ոչինչ չեմ գողացել»: Այսօր կեսօրից հետո նախկին գյուղապետի հետ գյուղապետարանից հեռացան նաև մյուս 5 աշխատակիցները։

Հիշեցնենք՝ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է։ Եղեգնուտի համայնքապետի նորանշանակ պաշտոնակատարն ասաց, որ մինչև 2015 թվականը ինքն էլ ԲՀԿ-ական է եղել։ Հետո որոշել է թողնել քաղաքականությունը։ Այսօր իրեն անկուսակցական է համարում։