Շարմազանով․ Ռոբերտ Քոչարյանը լուրջ անելիք ունի քաղաքական դաշտում

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը լուրջ անելիք ունի քաղաքական դաշտում:

Շարմազանովը նշեց, թե պատրաստ են համագործակցել քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարած երկրորդ նախագահի հետ, եթե իրենց օրակարգերը համընկնեն:

«Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ու պետական գործիչ է», - շարունակեց նա: - «Ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի, որը, կարծում եմ, շատ մոտ է իրականությանը, նա լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում: Սա իմ մասնավոր կարծիքն է: Նա ունի և՛ բարոյական, և՛ քաղաքական, և՛ իրավական իրավունք զբաղվել քաղաքականությամբ, և, կարծում եմ, որ, այո, նա կզբաղվի քաղաքականությամբ, արդեն իսկ զբաղվում է քաղաքականությամբ»:

«Ազատության» հարցին, թե հնարավոր է, որ ՀՀԿ-ի գոնե մի մասը կոնսոլիդանա Ռոբերտ Քոչարյանի շուրջը, Շարմազանովն արձագանքեց․ - «Հանրապետականը կոնսոլիդացված է իր գաղափարների շուրջ, իր օրակարգի շուրջ: Ով այդ պայքարում, այդ օրակարգում կօժանդակի Հանրապետականին և կլինի մեր դաշնակիցը, մենք պատրաստ ենք բոլոր առողջ ուժերի հետ համագործակցել, այդ թվում՝ նաև Քոչարյանի: Բայց՝ կոնկրետ օրակարգի շուրջ»:

Անդրադառնալով նախօրեին կայացած Նիկոլ Փաշինյան - Արա Բաբլոյան հանդիպումը՝ ՀՀԿ-ի խոսնակն ասաց, թե «հույս է ներշնչում, որ ժողովրդավարության և երկխոսության միջոցով հարցեր քննարկելու ժամանակը դեռ չի սպառվել: Նաև հավելեց, թե Սահմանադրությունը պետք չէ փոխել միայն այն պատճառով, որ վարչապետը չի ցանկանում հրաժարական տալ․ - «Այն ամենը, որի համար նաև քննադատում են նախկին իշխանություններին Փաշինյանը և ընդդիմությունը, որ մենք մեր իշխանությունը պահելու համար իբր, մեր առոթը պահելու համար սահմանադրական բարեփոխումների ենք գնում, ինքը գնում ա էդ ճանապարհով: Ի՞նչ ա նշանակում ինքնալուծարվի խորհրդարանը․․․ Մեր կուսակցությունում չենք քննարկել: Ես իմ պոզիցիան հստակ ասել եմ՝ ես դեմ եմ նման ինքնալուծարումների՝ ինչ ա թե, Պողոսը կլինի, Պետրոսը թե Մարտիրոսը իրա վարչապետի պաշտոնը պահի: Տեր-Պետրոսյանը 95-ին արեց, Քոչարյանը՝ 2005-ին, Սերժ Սարգսյանը՝ 2015-ին, գոնե տասը տարվա ժամկետ կա: Իսկ դուք մի տարվա մեջ ուզում եք փոխեք, ու նպատակը ո՞րն ա․․․ որ պարոն Փաշինյանը, իմ ընկալումն եմ ասում, չի ուզում հրաժարական տա վարչապետի պաշտոնից՝ մտածելով կամ մտահոգվելով, որ կարող ա մայիսի 8-ին երբ որ ինքը հրաժարական տա, Ազգային ժողովում դավադրություն լինի, ինչպես իրենք են ասում, և ընտրենք նոր վարչապետի»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասում է, որ Բաբլոյան - Փաշինյան հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ փաստվել է, որ իրենց դիրքորոշումն անփոփոխ է՝ արտահերթ ընտրություններ լինելու են․ - «Որևիցե մեկը մատ չի թափ տվել, այլ օրենքի մասին է խոսք գնացել: Իսկ ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, կարող եմ ասել, որ ընկալման խնդիր ունի Հանրապետական կողմը, որովհետև ամեն մի ելույթ, ամեն մի հայտարարություն հապճեպ և պանիկայի մեջ ընկալման ճանապարհով են գնում, որը ճիշտ չի: Կարծում եմ, որ հանդիպման հետևանքը այն է, որ ակնհայտ դարձավ, թե ինչ է ասվել, և մեր ասածի մեջ մեծ հաշվով որևիցե բան չի փոխվել»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն ասում է, թե խորհրդարանը լուծարելու ցանկացած մոդելի իրենք համաձայն են, վարչապետի առաջարկը՝ սահմանադրական փոփոխություններով խորհրդարանի ինքնալուծարման հնարավորություն ստեղծելու վերաբերյալ, այդ տարբերակներից մեկն է: Եթե այն խորհրդարան բերվի, իրենք ամեն ինչ կանեն, որ ընդունվի: Մեկ բան հստակ է, ըստ Մարուքյանի՝ խորհրդարանը պետք է օր առաջ լուծարվի և նոր խորհրդարան ձևավորվի․ - «Դրա արդյունքում է, որ հեղափոխության արդյունքները վերջնականապես կկապիտալիզացվեն»:

Անդրադառնալով հակահեղափոխության մասին խոսակցություններին՝ Մարուքյանն ասաց․ - «Հեղափոխությունը եղել է Հանրապետական ռեժիմի դեմ, դրա ստեղծած համակարգի դեմ, և այսօր չկա այդ համակարգը իշխանության մեջ: Հետևաբար հակահեղափոխությունը պետք է լինեն հանրապետականները, կամ, ասենք թե, Ռոբերտ Քոչարյանը նրանց հետ: Ըստ իս, ունե՞ն նրանք շանս դա անելու: Ես կարծում եմ, որ ոչ: Ես կարծում եմ, որ հակահեղափոխության օջախ այսօր Հայաստանում չկա: Ո՛չ Հանրապետական կուսակցությունը, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանը չունեն հնարավորություն վերադառնալու: Այդ հնարավորությունը ես չեմ տեսնում, հետևաբար նաև չեմ տեսնում հակահեղափոխության վտանգ: Ուղղակի ես կարծում եմ, որ հեղափոխության արդյունքները պետք է շուտ կապիտալիզացնել, ունենալ նոր խորհրդարան, որտեղ արդեն իրերը իրենց անուններով կկոչվեն»:

Հակահեղափոխությունը հնարավոր չի համարում նաև հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ եթե նախկին իշխող կուսակցությունը ցանկանար, դեռ մայիսին կտապալեր Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում Ազգային ժողովի կողմից:

«Մենք կարծում ենք, որ խնդիրը պետք է լուծվի այնպես, ինչպես ամբողջ քրիստոնյա աշխարհը կարողանում է լուծել՝ ընտրությունների միջոցով: Կառավարության ստեղծման հիմնական բանաձև դա ընտրություններն են», - եզրափակեց Գալուստ Սահակյանը: