Հայաստանը վետո կկիրառի, եթե ՀԱՊԿ-ում քննարկվի Ադրբեջանի անդամակցության հարցը․ ԱԳՆ ներկայացուցիչ

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյան, արխիվ

Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադբերջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

«Վերլուծական շրջանակներում քննարկումներ իսկապես տեղի են ունենում, բայց դրանք իրականացվում են ինչ-որ ենթադրյալ տեղեկատվության հիման վրա: Բարձրաձայնեմ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը՝ եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»,- հայտարարեց Նաղդալյանը:

Նախորդ տարիներին տպավորիչ տեմպերով զարգացող ռուս-ադրբեջանակյան քաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության ֆոնին ռուսաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցները, փորձագիտական հանրությունը, նաև երկու երկրների խորհրդարանների պատգամավորները, վերջին օրերին քննարկում են ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը:

Չնայած ապրիլյան պատերազմին և Հայաստանի իշխանությունների՝ բարձրագույն մակարդակով հնչեցրած հրապարակային դժգոհություններին, Երևանի դաշնակիցներ համարվող Ռուսաստանն ու Բելառուսը հանդիսանում են Ադրբեջանին սպառազինություն վաճառող առաջատար երկրներ: Օրինակ, Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ Բաքվին սպառազինություն մատակարարող թիվ մեկ երկիրը։ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI)` այս մարտին հրապարակած զեկույցի համաձայն, 2013-2017 թվականներին Ադրբեջանի ձեռք բերած ողջ սպառազինության 65 տոկոսը գնվել է Ռուսաստանից:

Այս հունիսին էլ հայտնի դարձավ, որ Բելառուսը Ադրբեջանին է վաճառել Полонез տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնց հեռահարությունը հասնում է 200 կիլոմետրի: Պաշտոնական Երևանը հրապարակավ քննադատեց այդ գործարքը:

Նշենք նաև, որ ի սկզբանե Ադրբեջանը հինգ տարի անադամակցել է ՀԱՊԿ-ին նախորդած ռազմական դաշինքին: 1992 թ․ մայիսին Ռուսաստանի նախաձեռնությամբ հետխորհրդային մի շարք երկրներ (ներառյալ Հայաստանը) ստորագրեցին Հավաքական անվտանգության պայմանագիրը: Ադրբեջանը պայմանագրին միացավ 1993 թվականի սեպտեմբերին: Փաստաթուղթն ուժի մեջ մտավ 1994-ի ապրիլին, սակայն, երբ լրացավ հնգամյա ժամկետը, Բաքուն այն չերկարաձգեց՝ դուրս գալով Կրեմլի նախաձեռնած այդ դաշինքից: 2002 թ․ մայիսին նշված պայմանագրի հիման վրա ստեղծվեց ՀԱՊԿ-ը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Բելառուս-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում օրերս անդրադարձել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին, նշելով, թե օգոստոսի 22-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել են Խաչատուրովի նկատմամբ կիրառված խափանման միջոցին: «Մեր դիրքորոշումը պարզ է և հասկանալի՝ մենք ժամանակին առաջարկել ենք այլ թեկնածուներ այդ պաշտոնում, բայց մեզ չլսեցին, իսկ այսօր արդեն բոլորն ընդունում են, որ Լուկաշենկոն ճիշտ էր»,- ասել է Լուկաշենկոն և հավելել, որ ինքն ու Պուտինը փորձել են ավելի խորը ենթատեքստում ըմբռնել խնդիրը և այն դիտել՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության վարած քաղաքականությունը:

ՀՀ ԱԳՆ խոսնակի պաշտոնակատարն այսօր այս հարցի առնչությամբ նշեց․ «Ինչպես արդեն ասել ենք՝ Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց, և դրան հաջորդել է ՀԱՊԿ տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլը։ Այն ընթանում է ինչպես ըստ գործող կանոնակագի կոնսենսուսային լուծումներ գտնելու ուղղությամբ, այնպես էլ այդ կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ»:

2008 թ․ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի աթոռը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին «մարտի 1-ի» գործի շրջանակներում անցած հուլիսի 27-ին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրվեց: Նա չի ընդունում այդ մեղադրանքը: Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը որոշեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նրան: Յուրի Խաչատուրովն արդեն Հայաստանից մեկնել է Մոսկվա և շարունակում է կատարել կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները:

Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանն առաջարկել է ՀԱՊԿ անդամ երկրներին՝ սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թ․ ապրիլի 14-ից: