Ռուսաստանը մտադիր է C-400-ները Թուրքիային մատակարարել արդեն 2019-ին

C-400 հրթիռային համակարգեր

Արդեն գալիք տարվա մեջ Ռուսաստանը մտադիր է Թուրքիային մատակարարել C-400 (S-400) հրթիռային համակարգեր։

«C-400-ի գործարքը կարևոր քայլ դարձավ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման համար», - Թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Ռոստեխ» պետական ռազմական կորպորացիայի միջազգային կապերի և տարածաշրջանային քաղաքականության բաժնի տնօրեն Վիկտոր Կլադովը։

«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից մեր C-400 համակարգերի ձեռքբերումը նշանակալից իրադարձություն է», - ասել է նա՝ հավելելով. - «Ավելին՝ մեր թուրք գործընկերները խնդրել են արագացնել մատակարարումը, և մեր արտադրողն ընդառաջել է խնդրանքին։ Այնպես որ առաջին համակարգերը, ինչպես մենք հաշվարկում ենք, Թուրքիային կտրամադրվեն 2019 թվականին»։

Կլադովը նաև ասել է, որ «Ռոստեխ»-ը Թուրքիային կարող է օգնել քաղաքացիական ոլորտում, մասնավորապես, պատրաստ է միասին աշխատել տիեզերական գործակալություն հիմնելու ուղղությամբ։

«Մանավանդ, որ մեր դուստր ձեռնարկությունը՝ «Ռոսոբորոնէքսպորտ»-ը մասնակցել է թուրքական Turksat 4A արբանյակի արձակմանը», - ընդգծել է նա՝ էլ ավելի ընդլայնելով համագործակցության առաջարկների շրջանակները։

«Հաշվի առնելով Թուրքիայի աշխարհագրական դիրքը տարածաշրջանում առկա լեռնային հանքարդյունաբերությունը, մենք Թուրքիային կարող ենք առաջարկել տեխնոլոգիաներ այդ աշխատանքների կատարման համար, իսկ բժշկական բարձր տեխնոլոգիական սարքավորումներ մշակող մեր Schwabe կոնցերնի արտադրանքը, համոզված եմ, կարող է մեծ պոտենցիալ ունենալ Թուրքական շուկայում», - ասել է Կլադովը։

«Անադոլու» գործակալությունը, մեկ այլ հրապարակմամբ, հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջին մեկ տարվա մեջ արտասահմանյան 30 այց է կատարել և ընդգծել է. - «Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն Էրդողանի առաջնահերթություններից է։ Իսկ վերջին չորս տարիների ընթացքում Էրդողանը բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել, սակայն ամենաշատը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ երեք անգամ Պուտինին ընդունել է Թուրքիայում»։