Բողոքի ակցիա Ազգային ժողովի շենքի մոտ՝ ընդդեմ Սևանից հավելյալ ջրառի նախագծի

Մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի շենքի մոտ։

Նրանք կոչ են անում օրենսդիրներին՝ կողմ չքվերակել Սևանա լճից հավելյալ ջրառի նախագծի օգտին։

«Ուզում ենք, որ դեմ քվեարկեն, բայց որ մտածում ենք, որ կարող է շատ մարդիկ միանան, իհարկե՝ ոչ, որովհետև մենք գիտենք, թե ովքեր են Ազգային ժողովում նստած, նույն նախկին մարդիկ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ հավելելով. - «Մեր փորձագետներն ասում են, որ կա ալտերնատիվ ջրամբարներից հավելյալ ջուր բաց թողնելու հնարավորություն և դա այս խնդիրը կլուծի, որովհետև այն ջուրը, որը բաց է թողնվում Սևանից, այդ ջուրը, գյուղացիները բողոքում են, գյուղացիներին չի հասնում։ Փորձագտներն ասել են, որ գնում է լճի ճահճացում, ջրիմուռների թիվը արագ մեծանում է, ջրի որակն է փոփոխվում, որովհետև ունենք ոչ մաքուր հատակ, ձկան պաշարների նվազում, ջրի տաքացում։ Գիտնականներն ասում են՝ առաջին քայլը, որ պետք է արվի, Սևանին պետք է հանգիստ թողնել»։

Նշենք, որ այսօր Ազգային ժողվը կառավարության առաջարկով արտահերթ նստաշրջան է հրավիրել։ Օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն է, որով նախատեսվում է Սևանա լճից ջրառի չափը 2018 թվականի համար 170 մլն խմ-ից դարձնել մինչև 210 մլն խմ: