Կոլումբիայում տապալվել է հակակոռուպցիոն հանրաքվեն

Կիրակի օրը Կոլումբիայում անցկացված հակակոռուպցիոն հանրաքվեն չի կայացել ընտրողների մասնակցության ցածր մակարդակի պատճառով: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ավելի քան 90 տոկոսը կողմ է արտահայտվել կառավարության ներկայացրած հակակոռուպցիոն փաթեթին: Կոլումբիայի կառավարությունը առաջարկում էր կրճատել պատգամավորների աշխատավարձերն ու պետական պաշտոններ զբաղեցնելու ժամկետները, ինչպես նաև ընտրակաշառքների դեմ պայքարի հստակ մեխանիզմներ էր առաջ քաշում:

«Չնայած հանրաքվեի արդյունքներին հստակ է, որ Կոլումբիայի բնակիչները այլևս չեն կարող հանդուրժել կոռուպցիան: Տեղամասեր եկած 11 միլիոն կոլումբիացիների ճնշող մեծամասնությունը միանշանակորեն դեմ է պետական միջոցների շարունակական թալանին», -մեկնաբանելով տապալված հանրաքվեի արդյունքները՝ հայտարարում էր Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն: