Սարյանի կտավներին առնչվող իրարամերժ փաստաթղթերն ուղարկվել են դատախազություն

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր հրավիրած ասուլիսում Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, երեք փոխնախարարների մասնակցությամբ, ամփոփեց պաշտոնավարման 100 օրերի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները՝ նշելով, թե ինչ խնդիրներ էր իր առջև դրել՝ ստանձնելով Մշակույթի նախարարի պաշտոնը:

Նախ և առաջ Մակունցն անդրադարձավ այս տարվա համար նախատեսված ծրագրերին․ - «Ուրախությամբ պիտի նշեմ, որ մեզ հաջողվել է իրականացնել բոլոր միջոցառումը, բոլոր նախագծերը և կատարել բոլոր աշխատանքները հավուր պատշաճի»:

Այս 100 օրերի ընթացքում 11 խոշոր մշակութային ծրագիր է իրականացվել, միջազգային համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բազմաթիվ աշխատանքային և ճանաչողական հանդիպումներ են տեղի ունեցել ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:

Նախատեսված է եղել նաև ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնել, ինչի շնորհիվ կարողացել են իրականացնել նոր նախաձեռնություններ:

Մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում կարողացել են տարբեր խնդիրների այլընտրանքային լուծումներ գտնել: Այս ամենի արդյունքում լուծում է ստացել 15 խնդիր, մինչև տարեվերջ ավարտին հասցնելու օրենսդրական մի շարք նախաձեռնություններ՝ կինոյի, թատրոնի, թանգարանների մասին օրենքները, պատրաստվում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում տեղի ունենալիք մշակությաին միջոցառումներին և Նյու Յորքում առաջիկայում կայանալիք «Հայաստան» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այս 100 օրերի ընթացքում եղել են արդյոք կոռուպցիոն բացահայտումներ, Մշակույթի նախարարն ասաց․ - «Մեր առջև դրել ենք առաջին հերթին այդ չարաշահումների բացառումը մեր պաշտոնավարման օրոք: Մենք կապի մեջ ենք և մշտապես ահազանգում ենք և տեղյակ ենք պահում, որ դիմել ենք համապատասխան գերատեսչություններին, որպեսզի նրանք իրականացնեն գործողություններ և միջոցներ ձեռնարկեն այդ չարաշահումները, որոնք արծարծվում են մամուլում, բացահայտեն դրանք: Սա ենք արել: Խնդիրը հետևյալն է․ եթե մենք սկսենք զբաղվել բացառապես կոռուպցիոն ռիսկերի բացահայտմամբ, չարաշահումների բացահայտմամբ, մենք պարզապես ի վիճակի չենք լինի կատարել այն աշխատանքները, որոնք իսկապես ուզում ենք անել, որոնք միտված են, օրինակ, Մշակույթի նախարարության առողջացման գործընթացին, որոնք միտված են մշակույթի տարբեր ոլորտների զարգացմանը: Սակայն սա չի նշանակում, որ այն, ինչին մենք բախվում ենք մեր աշխատանքները իրականացնելու ընթացքում, մենք անտեսում ենք: Ոչ: Այն ահազանգները, որոնք մենք ստանում ենք և այն խնդիրները, որոնց մենք բախվում ենք, անմիջապես ներկայացնում ենք իրավապահ մարմիններին»:

Մակունցը մի քանի կոնկրետ օրինակ բերեց օրինակ, որոնցից մեկը կապվում է Մարտիրոս Սարյանի անվան հետ․ - «Փաստաթղթեր էին հայտնվել ինձ մոտ, համաձայն որի, Սարյանի նկարների հետ կապված Մշակույթի նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը՝ փորձագիտական կենտրոնը տվել էր եզրակացություն, որ Սարյանի կտավները բնօրինակն են և այնտեղ դրված է Ռուզան Սարյանի ստորագրությունը՝ համապատասխան կնիքով: Այդ փաստաթղթի հետ մեկտեղ, կար նաև մեկ այլ փաստաթուղթ, ըստ որի, Ռուզաննա Սարյանը տեղեկացնում էր, որ կտավները ոչ միայն բնօրինակները չեն, այլև իր ստորագրությունը նույնպես կեղծված է: Այս գրությունից հետո մենք փաթեթը անմիջապես ուղարկել ենք դատախազություն, որպեսզի դրան ընթացք տրվի: Գիտենք, որ ընթացքը տրված է, և արդեն հարցաքննություններ են կատարվում»:

Նախարարը տեղին համարեց նշել ևս մեկ օրինակ․ - «Մենք օգտվեցինք լրագրողական հետաքննությունից, որը հրապարակվել էր մամուլում: Այն հոդվածները, այն հրապարակումները, որտեղ նշված էին կոնկրետ թվեր, կոնկրետ փաստեր, կոնկրետ տվյալներ, և դրանց հնարավոր էր տալի իրավական ձևակերպում, մենք հավաքագրել ենք այդ բոլոր նյութերը և դարձյալ ուղարկել ենք դատախազություն՝ ընթացք տալու համար: Բոլոր այն հուշարձանների և հուշարձանային գոտիների հետ կապված, որոնց առնչությամբ տեղի են ունենում օրենքի խախտումներ, նույնպես տրվում է ընթացք, և գործերը հանձնվում են դատախազություն»:

Ինչ վերաբերում է մշակույթ - բիզնես առնչություններին, ապա Լիլիթ Մակունցի դիրքորոշումը հետևյալն է․ - «Մշակույթը, արվեստը և բիզնեսը չպետք է նույնականացվեն: Այլ բան է, որ մշակույթը, արվեստը, տարբեր առանձին հաստատություններ կարող են օգտվել բիզնեսի առավելություններից»:

«Ազատության» հարցին, թե արդյոք հեղափոխությունից հետո պաշտոն ստացած Մշակույթի նախարարության ղեկավարները պատրաստվում են հեղափոխական քայլեր իրականացնել նաև Մշակույթի ոլորտում, հնչեց հետևյալ պատասխանը․ - «Թավշյա հեղափոխությունը ոչնչացնելու մասին չէր, թավշյա հեղափոխությունը ստեղծելու, արարելու, շարունակելու, սիրով լցնելու, հարգանքի մթնոլորտի և այլն, այս ամենի մասին է: Հպարտությամբ պիտի նշեմ, որ դա մեզ հաջողվել է կատարել՝ բարձրագույն արժեքներով առաջնորդվելով: Հետևաբար այս ոլորտում հեղափոխությունը խնդրում եմ դիտարկել նույն տրամաբանության մեջ: Այն հեղափոխական քայլերը, որ ես անձամբ դիտարկում եմ և մտածում եմ, որ պետք է կատարվեն, առաջին հերթին տասնյակ տարիներ չլուծված խնդիրներին անդրադառնալն է և լուծելը: Սա է ինձ համար հեղափոխությունը»: