Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Բելառուս-1» հեռուստակայանին տված բացառիկ հարցազրույցում, ի շարս այլ հարցերի, խոսել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված վիճակի մասին:
Կառույցի գլխավոր քարտուղարը հերթագայության կարգով Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն է, ով ներկայումս հայրենիքում 2008-ի «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է երեք տարով հաստատվել 2017-ի ապրիլի 14-ին:
Բելառուսի ղեկավարի հարցազրույցի հիմնական թեման, իհարկե, Մինսկի և Մոսկվայի հարաբերությունների զարգացումն էր և առկա խնդիրները, ինչպես Լուկաշենկոն է նշել, «եղբայրաբար լուծելու վճռականությունը», սակայն անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ-ին:
«Ապա, մենք Պուտինի առաջարկով խոսեցինք Հայաստանում Խաչատուրովի խափանման միջոցին: Մեր դիրքորոշումը պարզ է և հասկանալի, մենք ժամանակին առաջարկել ենք այլ թեկնածուներ այդ պաշտոնում», - ասել է Լուկաշենկոն և հավելել. - «Բայց մեզ չլսեցին, իսկ այսօր արդեն բոլորն ընդունում են, որ Լուկաշենկոն ճիշտ էր»:
Բելառուսի ղեկավարի փոխանցմամբ, ինքն ու Պուտինը փորձել են ավելի խորը ենթատեքստում ըմբռնել խնդիրը և այն դիտել՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության վարած քաղաքականությունը:
Լուկաշենկոն ասել է, որ Պուտինի հետ քննարկել է ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի և Բելառուսի համատեղ գործողությունները, ՀԱՊԿ-ում առկա խնդիրները և այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են ՀԱՊԿ անդամները:
Հիշեցնենք՝2008 թվականի մարտի 1-ին Խաչատուրովը պաշտպանության փոխնախարարն էր և մայրաքաղաքի կայազորի պետը:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ մեկտեղ Խաչատուրովը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Նա ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց և մեկնել է Մոսկվա, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, շարունակում է կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները:
Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է, սակայն օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, և Քոչարյանն ազատ է արձակվել:
Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որին, իր հերթին, դիմելու մտադրության մասին է ազդարարել նաև երկրորդ նախագահի պաշտպանությունը:
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ հայտարարվել է հետախուզում, ըստ հաղորդագրությունների, նա հիմա բնակվում է Մոսկվայում: