Դեն և Ադամ Բիլզերյանները դիմել են հայկական անձնագիր ստանալու համար և մասնակցել են երդման արարողությանը

Համացանցային աստղ, հանրահայտ «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն ու նրա եղբայրը՝ Ադամը, այսօր Հայաստանում մասնակցել են ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը և դիմել են իրենց առաջին հայկական անձնագիրը ստանալու համար:

«Ոչ միայն Դեն Բիլզերյանը, այլ նաև նրա եղբայրը ավելի վաղ՝ 2014 թվականի հրամանագրով էին ստացել քաղաքացիություն, ուղղակի օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը այդպիսին է՝ քաղաքացիություն ստանալուց հետո առաջին երդման արարողությունը և անձնագրավորումը անպայման պիտի լինեն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնում», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: - «Ի դեպ՝ Բիլզերյանի հայրն էլ ուներ ստացած քաղաքացիություն, անձնագիր ուներ: Եկել էր դիմել՝ իր անձնագիրը փոխանակելու, ստանալու է բիոմետրիկ անձնագիր և նույնականացման քարտ: Ոնց հասկացա՝ դա հոր դաստիարակությունն էր նաև՝ բարձրացավ ինձ մոտ․․․ հայրն էլ էր ոգևորված, նա էլ է շատ նպաստել, քարոզել [որ որդիները դիմեն քաղաքացիության]», - հավելեց անձնագրային և վիզաների վարչության պետը:

Դեն Բիլզերյանը, ով միլիոնավոր հետևորդներ ունի Instagram և Twitter սոցցանցային հարթակներում, Հայաստան ժամանելու մասին հայտնել էր Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով: - «Մեկնում եմ Հայաստան, հետո՝ Թաիլանդ», – գրել էր նա:

Բիլզերյանի օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել օգոստոսի 27-ի գիշերը: