«Լիդիան Արմենիա»-ին հանձնարարվել է ձեռնպահ մնալ Ամուլսարում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկել է ուժը կորցրած ճանաչել 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև նոր փորձաքննության իրականացումը:

Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու և սահմանված կարգով ընթացք տալու համար:

Ամերիկաբրիտանական «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել է երկու տարի առաջ՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Ամուլսարում ոսկու արդյունահանման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը վստահեցնում է, որ բնապահպանական որևէ վտանգ չկա:

Բնապահպան ակտիվիստները պնդում են, որ Ամուլսարում իրականացվող ծրագիրն աղետալի ազդեցություն կունենա շրջակայքի ջրային ռեսուրսների վրա:

Հուլիսի 16-ին ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը չի կարող փակել Ամուլսարի հանքը, եթե դրա համար չլինեն իրավական հիմնավորումներ: Միաժամանակ, վարչապետը հիշեցրեց, որ բնապահպանական տեսչությունը ստուգումներ է սկսել Ամուլսարում, իշխանությունները քննում են ստեղծված իրավիճակը։