Լուկաշենկո.«Մենք ի սկզբանե դեմ էինք Խաչատուրովի թեկնածությանը»

Վերջերս Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` երկրի պետական հեռուստատեսությամբ երեկ երեկոյան հեռարձակված հարցազրույցում:

«Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ մենք անդրադարձանք ՀԱՊԿ շուրջ ստեղծված կացությանն ու Խաչատուրովի ձերբակալությանը Հայաստանում: Մեր տեսակետը շատ պարզ է ու հստակ․ ժամանակին մենք այլ թեկնածություններ էինք առաջ քաշում, սակայն մեզ չլսեցին», - ասել է Լուկաշենկոն: - «Այժմ մենք մի իրավիճակում ենք, երբ բոլորը խոստովանում են` այս թեմայի շուրջ քննարկումների ընթացքում Լուկաշենկոն իրավացի էր: Մենք առավել խորությամբ դիտարկեցինք այս հարցը` Հայաստանի նոր կառավարության, Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած քաղաքականության տեսանկյունից»: