Իրանի խորհրդարանը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարարին

Իրանի ֆինանսների նախարար Մասուդ Քարբասիան, արխիվ

Իրանի խորհրդարանն այսօր պաշտոնանկ է արել երկրի ֆինանսների նախարարին:

Մասուդ Քարբասիանի պաշտոնանկության օգտին հանդես են եկել իսլամական հանրապետության մեջլիսի պատգամավորներից 137-ը, դեմ՝ 121-ը:

Reuters-ի տեղեկություններով՝ ֆինանսների նախարարի պաշտոնանկության գլխավոր պատճառը երկրի տնտեսության ծանր վիճակն է և ազգային տարադրամի` ռիալի, շարունակվող արժեզրկումը:

Ապրիլից ի վեր իրանական տարադրամն արժեզրկվել է 50 տոկոսով:

Այսպիսով Քարբասիանը դարձավ կառավարության տնտեսական բլոկի երրորդ ներկայացուցիչը, որ պաշտոնանկ արվեց վերջին շաբաթներին իրանական տնտեսության խորացող ճգնաժամի պատճառով:

Ավելի վաղ Իրանի խորհրդարանը քվեարկել էր աշխատանքի նախարարի պաշտոնազրկման օգտին, իսկ նախագահ Հասան Ռոհանին պաշտոնանկ էր արել Իրանի կենտրոնական բանկի նախագահին:

Օգոստոսի 6-ին ուժի մեջ մտավ Իրանի հանդեպ ամերիկյան վերականգնված պատժամիջոցների առաջին փուլը, որը ուղղված է արտարժույթի շուկային ու արդյունաբերության հիմնական ճյուղերին: Պատժամիջոցների երկրորդ փուլով, որն ուժի մեջ կմտնի նոյեմբերից, նախատեսվում է արգելքներ դնել իրանական նավթի արտահանման ու առևտրի վրա:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բոլորին զգուշացրել է՝ զերծ մնալ Իրանի հետ առևտրից: «Յուրաքանչյուրը, ով Իրանի հետ բիզնես կանի, բիզնես չի անի Միացյալ Նահանգների հետ», - հայտարարել է Թրամփը։