Նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այսօր երեկոյան զբոսնել են Երևանի Հյուսիսային պողոտայում։
«Եվ օրվա վերջում Գերմանիայի կանցլերը առիթ ունեցավ տեսնելու և զգալու մեր ժողովերդի ջերմությունն ու ոգին։ Հրաշալի զբոսանք ստացվեց», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ Գերմանիայի կանցլերը հաճույքով լուսանկարվել է Հյուսիսային պողոտայում տասնյակ քաղաքացիների հետ։
Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով Երևան է ժամանել այսօր՝ Վրաստան կատարած այցից հետո: Երևանում Անգելը Մերկելը առաջինը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նա նաև եղավ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և PicsArt ընկերությունում, այնուհետև նրան ընդունեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Փաշինյանն ու Մերկելը իրենց բանակցություններն ամփոփեցին համատեղ մամուլի ասուլիսում։ Վաղը Անգելա Մերկելը Երևանից կմեկնի Բաքու: