«Ազատության» հետ զրույցում պատգամավոր Լենա Նազարյանը նշեց, որ նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն․ - «Պետությունը քաղաքացիների կյանքի իրավունքի երաշխավորն է, և անկախ նրանից, թե ով է մեղավոր լինելու, դա դատարանը կպարզի, պետությունը պարտավոր է հատուցել այդ քաղաքացիների հարազատներին: Որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, տեղի չի ունեցել կենցաղային վեճի կամ մարդկանց անզգուշության արդյունքում, [մարդիկ] մասնակցել են քաղաքական գործընթացների, և նրանց նկատմամբ պետության ներկայացուցիչը կիրառել է մահաբեր ուժ»:
Ըստ օրինագծի, փոխհատուցում կստանան զոհված 10 քաղաքացիների իրավահաջորդները: Իսկ պարզելու համար, թե քանիսի առողջությանն է վնաս հասցվել, հնարավոր է ստեղծվի հանձնաժողով: Նազարյանն ասում է, որ հատուցման չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները կորոշի կառավարությունը․ - «Հետագայում կառավարությունը, օրինակ, կարող է հատուցել նաև այն անձանց, ովքեր հանիրավի դատապարտվել են, զրկվել են աշխատանքից»:
2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հիշում է, թե ինչպես պետությունը փոխհատուցեց բախումների հետևանքով տուժած խանութների սեփականատերերին և անտեսեց զոհերի ընտանիքներին․ - «Էն ժամանակվա իշխանությունը 650 միլիոն դրամ փոխհատուցեց տուժածներին, այսինքն՝ մեքենա ա վառվել խանութներ ա ջարդվել․․․ Անմիջապես փոխհատուցեց, որովհետև սադրիչներն էին դրանք բոլորն արել, և իրանց վնասը իրանք փոխհատուցեցին, որպեսզի խոսակցություն չլինի: Ապակի ջարդելու համար, մեքենան վառելու համար փոխհատուցում տվեն, բայց մարդիկ են զոհվել՝ ոչ մի լումա»:
Այս տարվա փետրվարին, երբ դեռ խորհրդարանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լսումներ էր նախաձեռնել Մարտի 1-ի դեպքերի թեմայով, պետաիրավական հանձնաժողովում նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ զոհերի հարազատները վաղուց կարող էին դիմել դատարան՝ փոխհատուցում ստանալու պահանջով:
«2014 թվականից կա օրենք, ըստ որի մարդիկ՝ Մարտի 1-ի արդյունքում զոհված, սպանված անձի իրավահաջորդը արդեն իրավունք ունի դիմել փոխհատուցման համար», - ասել էր նա:
Պատգամավոր Փաշինյանը հակադարձել էր․ - «Բա Դուք Գլխավոր դատախազ էիք, Մարտի 1-ի զոհերի հարազատներին ընդունել էիք․․․ Բա ասում եք մեր ցավն ա: Բա ինչի՞ չեք ասել՝ հարգելի հարազատներ, էս ի՞նչ եք էս ընդդիմության, բանի խելքին ընկել, օրենքը մեծամասնությունն ընդունել ա․․․ Հըլա իմ ընկեր իրավաբաններին էլ կասեմ, ձեզ կաջակցեն»:
Սարգիս Քլոյանը պնդում է՝ գլխավոր դատախազ աշխատած ժամանակ Կոստանյանն իրենց ընդունել է, և փոխհատուցման հնարավորության մասին իրենց չի հայտնել․ - «Իշխանության մարդն էր, իշխանության դատախազն էր, ոչինչ չարեց մեր համար: Խաբեց մեզ, թե սայլը տեղից կշարժվի, այդպես էլ չշարժվեց»:
Գոռ Քլոյանի հայրն ասում է, որ շնորհակալ է պատգամավորներից նման օրենքի նախագիծ ներկայացնելու համար, սակայն փոխհատուցման գործընթացը ոչ թե պետք է փոխարինի, այլ զուգահեռ ընթանա արդարադատության կայացմանը․ - «Մյուս տուժողի իրավահաջորդները շատ կիսատ գործեր ունեն՝ գերեզմանը պատրաստ չէ, սարքած չէ․․․ նրանք փողի կարիքը շատ ունեն․․․ Բայց մեր հիմնական խնդիրն այն է, որ մեղավորները կանգնեն դատարանի առաջ»:
2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի «Ազատության» հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
1998-2008 թվականներին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այդ դեպքերի ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, Երևանի կայազորի պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր Յուրի Խաչատուրովին առաջադրված է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք: