Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Մերկելին ուղեկցում էին Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Թումո»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը կանցլերին է ներկայացրել արտադպրոցական կրթության նորարարական ծրագիրը: Նա հանդիպել է ուսանողների, ովքեր մասնակցում են զանազան դասընթացների «Թումո»-ի կրթական ոլորտներում, ինչպես, օրինակ, խաղերի ստեղծումն ու անիմացիան, ինչից հետո ծանոթացել է ուսանողների նախագծերին՝ ռոբոտաշինության, ծրագրավորման, դիզայնի և այլ ոլորտներում։
«Ես դրականորեն ցնցված եմ: «Թումո»-ն միայն Հայաստանի համար չէ: Այն միջազգային է: Այն փիլիսոփայություն է», - ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փոխանցմամբ ասել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերն ու Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը նաև քննարկել են իրենց տեսլականները կրթության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել «Թումո»-ի բացառիկ կրթական մոդելին ու Փարիզում, Բեյրութում և Տիրանայում բացվելիք կենտրոններին: