Ծրագիրը, որը առաջարկել էր երրորդ նախագահը, այժմ նոր իշխանության ձեռքի տակ է, բայց օրակարգից դուրս է։ Նախարարն ասաց, թե ծանոթացել է դրան ու հասկացել՝ «իրատեսական մոտեցումների պակաս կար»․ - «Ես ուսումնասիրել եմ: Էդտեղից, իհարկե, որոշակի բաղադրիչներ կվերցնեն, օգտակար շատ բաներ, սակայն ես կարծում եմ, որ բոլոր այն ծրագրերը, որոնք մենք իրականացնելու ենք, պետք է լինեն իրատեսական, զերծ ավելորդ պաթոսից»:
Առնվազն 4 միլիոն բնակչությամբ երկիր ունենալու մասին ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարել էր դեռ անցյալ տարի։ Այս միտքն առաջին անգամ նա հնչեցրել էր վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, իսկ ավելի ուշ՝ Հայաստան - Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել էր․ - «Նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում»։
Իշխանափոխությունից հետո ձևավորված նոր կառավարությունը, սակայն, կասկածում է, թե Սարգսյանի կառավարման օրոք հնարավոր էր հայրենադարձություն ապահովել։
«Իրականանալի է նոր իշխանությունների համար հայրենադարձությունը», - հայտարարեց Սփյուռքի նախարարը՝ հավելելով․ - «Նախորդ իշխանությունների դեպքում իրականանալի էր արտագաղթը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ դեպի նոր Հայաստան հայրենադարձությունն արդեն սկսված է։ Օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, Փաշինյանը հայտարարեց, թե արտագաղթի կանխման առաջին փուլը մեկնարկել է: Վարչապետը ներկայացրել էր վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն մայիսի 10-ից մինչև օգոստոսի 14-ը Հայաստան է եկածների թիվը 29986-ով ավելի է եղել, քան մեկնածները։ Երեկ, ի պատասխան «Ազատության» հարցին, վարչապետը կրկին վերահաստատեց ավելի վաղ ասածն ու նշեց՝ Հայաստան ավելի շատ գալիս են, քան գնում։
«Կարող ենք նշել, որ արդեն էդ պրոցեսը սկսվում է, որովհետև հիմա արդեն Հայաստան եկողների թիվը շատ ավելի մեծ է, քան Հայաստանից գնացողների թիվը: Այնպես որ, հույս ունենք՝ էդպես էլ կշարունակվի: Էն, որ անշարժ գույքի գները բարձրանում են, վկայում է, որ մարդիկ նաև բնակարան են գնում», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Վերադառնալ հայրենքի ու միասին կառուցել երկիրը՝ այս շեշտադրումը վարչապետը արեց նաև երեկ «Քայլ դեպի տուն» ծրագիր մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։ 20-ից ավելի երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին Փաշինյանը նաև հորդորեց ամեն օր խոսել տուն վերադառնալու գաղափարի և անհրաժեշտության մասին․ - «Եթե ոչ ձեր ծնողները, ապա գոնե դուք, եթե ոչ դուք, ապա գոնե ձեր երեխաները պետք է անպայման վերադառնաք հայրենիք, որովհետև Սփյուռքի նախարարը ասեց, որ Հայաստանը սիրելու հայրենիք է, Հայաստանի սիրելու երկիր է, բայց ես ուզում եմ ձեզ ասել նաև, որ Հայաստանը ապրելու երկիր է»:
Այն, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք արտագաղթն իրոք մեծ ծավալի էր հասել, փաստում են առաջին հերթին վիճակագրական թվերը։ 2008-2017 թվականներին Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է ավելի քան 250 հազարով, որը եթե բաժանենք Սարգսյանի պաշտոնավարման ինը տարիներին, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր տարի Հայաստանի բնակչությունը պակասել է շուրջ 28 հազարով։
Թե թավշյա հեղափոխությունից հետո քանի հոգի է ճամպրուկները կապել ու վերադարձել Հայաստան, Սփյուռքի նախարարությունում թվային տվյալներ ասել չեն կարողանում։ Փոխարենը Հայրապետյանը խոսում է ներգաղթը ապահովելու կարևոր պայմանների մասին ու նշում, որ այս փուլում սփյուռահայերին երկու հարց է հուզում՝ մեկը օրինականության հաստատումը, մյուսը՝ աշխատատեղերի ստեղծումը։
Վերջինի հարցով, ըստ նախարարի, դեռ խոչընդոտներ կան․ - «Մենք մի կողմից ասում ենք, որ մենք սփյուռք ներուժը պետք է պետական կառավարման համակարգում օգտագործենք, բայց հստակ ասեմ, որ քաղծառայության մասին օրենքով, աշխատանքի մասին օրենքով իսկապես լուրջ խոչընդոտներ են՝ վերջին տարիներին ապրելու հետ կապված, աշխատանքային ստաժի հետ կապված»:
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով, հայրենադարձություն ապահովելու համար նոր կառավարությունում նախադրյալներ կան, սակայն առայժմ դրանք ավելի շատ խոստումների տեսքով:
Եգանյանը հավելեց, որ ծանարկշիռ քայլեր են պետք, որ ցանկությունն իրականություն դառնա․ - «Ներհոսքն ապահովելու համար ժամանակ ա պետք, որպեսզի վստահություն ձևավորվի, որ այն, ինչ որ կատարվում ա, դա անբեկանելի ա, ինչ-որ ժամանակավոր երևույթ չի և դրա արդյունքները միանշանակ դրական են լինելու: Օրինակ, շատ խոսվում ա ներդրումների ծավալների մեծացման, նոր աշխատատեղերի մասին: Բայց էսօրվա դրությամբ որևէ հստակ պատկերացում չկա, թե ինչ պետք է դրա համար արվի: Միայն էն բանը, որ իշխանությունը փոխվել ա, բավարար չի, որպեսզի մարդիկ, բան ու գործը թողած, իրանց փողերը վերցնեն և գան, փորձեն ստեղ ներդրումներ անել: Պետք են զգալի ինստիտուցիոնալ, օրենսդրական փոփոխություններ»:
Հեղափոխությունից հետո արձանագրված միգրացիոն իրավիճակի մասին խոսել միայն գնացող-եկողների տարբերության ցուցանիշի հիման վրա, մասնագետը ճիշտ չի համարում։ Նրա պնդմամբ՝ ծավալուն ու հստակ հետազոտություններ են պետք, որպեսզի ասածը փաստված լինի:
Ժողովրդագիրը նաև վստահ է, որ ներգաղթի մասին խոսելուց առաջ, նախ պետք է փորձել ամեն կերպ նվազեցնել արտագաղթի ծավալները։ Սա ավելի իրատեսական է, ու առաջին պայմանը հենց այս խնդրի լուծման նպատակով է պետք ստեղծել։