«Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն սպառնալիք չեն Ռուսաստանի համար, Ռուսաստանը դա պետք է հասկանա», - օգոստոսի 24-ին Թբիլիսիում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ռուս-գերմանական հարաբերությունների մասին, ըստ վրացական լրատվամիջոցների, Մերկելը խոսել է Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Գերմանական կառավարության ղեկավարի խոսքով՝ «Ռուսաստանը կարևոր երկիր է» և Գերմանիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ նրա հետ, այնպես ինչպես և Վրաստանի:
«Գերմանիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ ոչ միայն Վրաստանի, Ադրբեջանի կամ Ուկրաինայի հետ, այլ նաև Ռուսաստանի: Եվրոպան և Ռուսաստանը համագործակցության լավ փորձ ունեն, և իրարից շատ բան են սովորել», - նշել է Մերկելը:
Չնայած դրան, կանցլերի խոսքով, տպավորություն կա, որ սառը պատերազմը դեռևս չի ավարտվել: Գերմանիայի առաջնորդն իր ելույթում հավաստիացրել է, որ Եվրամիությունը և Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի համար սպառնալիք չեն:
«Ռուսաստանը պետք է հասկանա, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն իր թշնամիները չեն: Իհարկե, Ռուսաստանը բարդացնում է նախկին խորհրդային հանրապետությունների վիճակը, օրինակ, Վրաստանի դեպքում, Աբխազիայի և Հարավային Օսիայի տեսքով, Մոլդովայի խնդիրը, Ադրբեջանը նույն խնդիրն ունի, ինչը և Ուկրաինան», - Մերկելի խոսքերն են մեջբերում վրացական լրատվամիջոցները։