Որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։ Այդ մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. - «Անդրադառնալով Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան հանգամանքներին առնչվող քրեական գործի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվությանը, որում մասնավորապես մեջբերվել են որոշ տվյալներ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից, նաև հաշվի առնելով նշված քրեական գործի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել դեռևս 2018 թվականի մայիսի 30-ին:
Հաշվի առնելով, որ քրեական գործով մինչ այդ նշանակված փորձաքննությունների եզրակացություններն ամբողջ ծավալով չէին բացահայտում քրեական գործի նախաքննության համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի արդյունքներն ակնկալվում է ստանալ ս.թ. սեպտեմբերի կեսերին: Նախաքննությունը շարունակվում է»:
2016-ի ամռանը Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գունդը գրավելու օրերին ոստիկանական շղթան ճեղքած ու զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մահից մեկ տարի անց դեռևս չի բացահայտվել, թե ով կամ ովքեր էին մեղավոր նրա մահվան համար։
«Սասնա ծռեր»-ին աջակցելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց 2016-ի դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ: Իրեն ազատ արձակելու պահանջով Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն 2017-ի մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց: 10 օր անց նա մահացավ։
Սարգսյանը մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում: Նրա մահը վրա է հասել վիրահատությունից ժամեր անց՝ սիրտ-անոթային անբավարարության հետևանքով։
Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ-պատշաճ կատարելու հատկանիշներով:
Սարգսյանը Բեխտերևի հիվանդություն ուներ, ինչի պատճառով դժվար էր տեղաշարժվում։ Նրա փաստաբանները բազմիցս էին հայտարարել, որ այդ վիճակով նրան կալանքի տակ պահելն անթույլատրելի է, մինչդեռ իրավապահները որևէ խնդիր չտեսնելով՝ նրան ազատ չէին արձակում։
Ավելին, նրա մահվանից մեկ ամիս առաջ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե ազատության մեջ հայտնվելով չի բացառվում, որ նա հանցագործություն կատարի։
«Հաց բերողի» փաստաբանները նշում են, որ հարուցված քրեական գործից դուրս են մնացել բոլոր այն անձինք, որոնք որոշում էին կայացրել կալանավորել, ապա կալանքի տակ պահել նրան։